4190 դիտում
15:43 07-06-2014
Երեխաների պաշտպանության օրն առաջնեկին կորցրած կնոջ վիճակը վատացել է. նրան տեղափոխել են հիվանդանոց
Գյումրիի «Ծննդատուն» ՓԲԸ-ում հունիսի 1-ին առաջնեկին կորցրած 22-ամյա Նարինե Ղուկասյանի առողջական վիճակը վատացել է եւ նրան տեղափոխել են հիվանդանոց: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Նարինեի ամուսինը՝ Սիփան Մարտիրոսյանը:
Նրա խոսքով՝ կնոջը ծննդատնից ժամանակից շուտ էին դուրս գրել բժիշկների վերաբերմունքի պատճառով: «Տեսանք, որ վատանում է, տաքությունը չի իջնում, բերել ենք Ախուրյանի բժշկական կենտրոն, որտեղ, ՓԱՌՔ Աստծո, շատ լավ են վերաբերվում կնոջս: Հիմա մի քիչ ավելի լավ է եւ կյանքին բարեբախտաբար վտանգ չի սպառնում»,- ասաց Սիփան Մարտիրոսյանը եւ ավելացրեց, որ իրեն դեռ հարցաքննության չեն կանչել:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Գյումրիի «Ծննդատուն» ՓԲԸ-ում հունիսի 1-ին 22-ամյա Նարինե Ղուկասյանի առաջնեկի մահվանից հետո նրա հարազատները ծեծել եւ հայհոյել են հիվանդանոցի տնօրենին եւ ծնունդը ընդունող բժշկական անձնակազմին: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասել էր ծննդատան տնօրեն Վարդան Սարգսյանը, ում եւս հարվածներ էին հասել: Նա նաեւ նշել էր, որ իրենց հաջողվել է բժիշկներին եւ քույրերին հետ պահել հարվածներից, այնինչ հայհոյանքները տեւական ժամանակ շարունակվել են: «Ես ոստիկանություն բողոք եմ ներկայացրել, որովհետեւ նրա հարազատները մինչեւ վերջ պնդում էին, որ իրենք ճիշտ են վարվել: «Ի՞նչ է նշանակում կջնջխեմ, կսպանեմ»,- նկատել էր Վարդան Սարգսյանը: Նրա խոսքով, երեխան ինֆեկցիայի պատճառով ծննդաբերությունից մոտ կես ժամ առաջ վատացել է, սակայն Կեսարյան հատումը այդ դեպքում հակացուցված է եղել: «Ես չեմ ցանկանում այս պահին նշել, թե ում մեղավորության պատճառով է երեխան մահացել, որ կանխակալ կարծիք չհայտնեմ: Այս պահին սպասում ենք դատաբժշկական փորձաքննության արդյունքներին: Բայց այսօր բժշկական կոլեկտիվը խիստ անպաշտպան եւ քավության նոխազ է դարձել: Ցանկացածը կարող է գա, վրայով անցնի, գնա: Արդեն բժիշկներն էլ են հրաժարվում նման պայմաններում աշխատել: Չէ՞ որ նրանք էլ որդիներ, ամուսիններ ունեն: Ինչ է, պետք է մի կաթիլ մեղրի պատմությու՞նը դառնա, ո՞վ թույլ կտա, որ իր մորը կամ կնոջը վիրավորեն»,- ասել էր ծննդատան տնօրենը՝ ավելացնելով, որ ծննդաբերած կնոջ կյանքին բարեբախտաբար վտանգ չի սպառնում եւ նրան հիվանդանոցից դուրս են գրել: Իսկ Սիփան Մարտիրոսյանը ասել էր, որ չեն ծեծել հիվանդանոցի տնօրենին եւ ծնունդը ընդունող բժշկական անձնակազմին: Նա նշել էր, որ իրենց դեմ բողոք են ներկայացրել, քանի որ, ըստ նրա՝ լավագույն պաշտպանությունը հարձակումն է: «Մենք ոչ ոքի չենք ծեծել: Պարզապես հայրս բռնել է տնօրենի ուսից եւ ցույց տալով բժշկի ուսը՝ ասել է, թե ինչի համար են նման կադրեր պահում հիվանդանոցում, որ նման դեպքեր են տեղի ունենում: Երեխայի մահը վրա է հասել բժիշկների մեղավորության պատճառով: 1.5 ժամ երեխայիս գլուխը երեւացել է ու նրան չեն կարողացել դուրս բերել: Պատճառաբանում են, թե պորտալարը փաթաթված է եղել վզին, բայց ես իմ կնոջ կողքին եմ եղել նման բան չի եղել: Դատաբժշկական փորձաքննության արդյունքներով ասվում է, որ մահը վրա է հասել թոքերի պատճառով, ինչը կարող է լինել կամ բնածին, կամ՝ ձեռքբերովի: Ձեռքբերովին առաջանում է այն ժամանակ, երբ ծննդաբերության ընթացքում սխալ սեղմումներ են անում»,- ներկայացրել էր մահացած երեխայի հայրը: Ապա ավելացրեց, որ վիրավորված եւ զայրացած են նաեւ նրանից, որ մահացած երեխային վերցրել եւ դրել են մոր կրծքին, ինչից հետո որդեկորույս մայրը էլ ավելի մեծ հոգեբանական ցնցումների մեջ է հայտնվել՝ միաժամանակ ավելացնելով, որ ամեն ինչ անելու են, որպեսզի ծնունդն ընդունող բժշկին հեղինակազրկեն եւ արժանի պատիժ են պահանջում:
Նմանատիպ նյութեր
4669 դիտում
17:39 02-06-2014
Գերությունից վերադարձած 23-ամյա Արսեն Խոջոյանի վիճակը կտրուկ վատացել է. նրան տեղափոխել են հիվանդանոց
17544 դիտում
20:09 24-06-2015
Բաղրամյան պողոտայում երիտասարդ աղջկա ինքնազգացողությունը վատացել է. նրան տեղափոխել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
643 դիտում
18:53 29-11-2024
ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է Ֆրանսիայի դեսպանին
1486 դիտում
18:51 29-11-2024
Դատախազը նոր նշանակում է արել
844 դիտում
18:49 29-11-2024
Արդարադատության փոխնախարար Կարեն Կարապետյանը հրաժարականի դիմում է ներկայացրել