Մանուկների տոնին Հյուսիսային պողոտայում կազմակերպվեց ցուցահանդես-վաճառք
Հունիսի 1-ի կապակցությամբ Հյուսիսային պողոտայում Երևանի քաղաքապետարան - մասնավոր հատված համագործակցության հերթական հաջողված նախագիծն է ներկայացվել երևանցիներին: Հատուկ մանուկների համար բացվել է «Երազանքների քաղաք» խորագրով ցուցահանդես-վաճառքը: Տասնյակ տաղավարներում ներկայացվել են երեխաների համար նախատեսված ապրանքատեսակներ՝ մանկական գրականություն, ձեռագործ պարագաներ և այլն:
Ցուցահանդեսին առանձին տաղավարով ներկայացվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչությունը: Վարչության պետ Գայանե Սողոմոնյանը նշել է, որ տաղավարում ներկայացված են մայրաքաղաքի բոլոր նախակրթարանների և դպրոցների վերաբերյալ տեղեկություներ, ինչը լավ հնարավորություն է ծնողների համար՝ առավել մանրամասնորեն տեղեկանալու իրենց հետաքրքրող հարցերին:
Երեխաների համար հետաքրքիր ժամանց ապահովելուց բացի, միջոցառումը կրել է բարեգործական բնույթ: Վաճառքից ստացված ամբողջ հասույթը փոխանցվելու է անապահով ընտանիքներին, ինչպես նաև սիրիահայ ընտանիքներին: Ցուցահանդես-վաճառքը կգործի նաև հունիսի 2-ին:
Միջոցառման ընթացքում կազմակերպվել է նաև համերգային ծրագիր՝ երգի-պարի մանկական համույթների մասնակցությամբ: Բոլոր մանուկներն ստացել են Տեր Շահե քահանա Հայրապետյանի օրհնությունը:
Նշենք, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ հունիսի 1-ի կապակցությամբ մայրաքաղաքում անցկացվող տոնական միջոցառումները մեկնարկել են վաղ առավոտից և շարունակվելու են մինչև երեկո: