1988-ին Հայաստանը ցնցած երկրաշարժի մասին ֆիլմ կնկարահանվի
Հայտնի հեռուսատա և կինոպրոդյուսեր Ռուբեն Դիշդիշյանը, ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Սարիկ Անդրեասյանը և պրոդյուսեր Ղևոնդ Անդրեասյանը ֆիլմ կնկարահանեն 1988 թվականին Հայաստանը ցնցած երկրաշարժի մասին:
Այն անվանվելու է «Մի երկրաշարժի մասին»: Այս մասին գրում է «Ռիա-Նովոստի» լրատվական գործակալությունը, հղում անելով Դիշդիշյանի ղեկավարած «Մարս մեդիա» կինոընկերության մամուլի ծառայությանը:
Ֆիլմի իրադարձությունները ծավալվում են Լենինականում: Գլխավոր հերոսներն են հայ 28-ամյա Ռոբերտ Մելքոնյանը և ռուս փրկարար 50-ամյա Անդրեյ Բերեժնյոն, վերջինս երկրաշարժի էպիկենտրոնում տուժածներին առաջին օգնություն հասնողներից մեկն էր:
Ֆիլմի բյուջեն նախատեսվում է 5 միլիոն դոլար: Այն նկարահանվելու է ֆրանսահայ հայտնի երգիչ Շարլ Ազնավուրի «Ազնավուրը Հայաստանի համար» հիմնադրամի աջակցությամբ:
Ֆիլմի դերասանական կազմը բազմազգ է և համաձայնություններ են ձեռք բերել պետական տարբեր ստորաբաժանումների հետ: Նկարահանումները նախատեսվում են սկսել 2015 թվականին: