211652_close_icon
views-count1185 դիտում article-date 21:34 14-05-2014

Հայաստանցի արվեստասեր հասարակությունը հնարավորություն կունենա հիանալ Արշիլ Գորկու մի քանի գործերով

Մայիսի 14-ին ՀՀ սփյուռքի նախարարության «Մեր մեծերը» ծրագրի շրջանակներում կայացավ մեծանուն հայ նկարիչ Արշիլ Գորկուն նվիրված միջոցառում և «Ողբերգական լույսի գույները» խորագրով ցուցահանդես-վաճառքի բացումը, որին մասնակցում էին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Հայաստանում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էդսոն Մարինյո Դուարտե Մոնտեյրոն, նկարիչներ, արվեստագետներ, մտավորականներ: Ցուցահանդեսը կգործի մայիսի 14-16-ը Ռուսական արվեստի թանգարանում (հասցե՝ Իսահակյան փող., 38 շենք): Կներկայացվեն Արշիլ Գորկուց ազդեցություն կրած հայ նկարիչների՝ Էդուարդ Արծրունյանի, Յուրա Հարությունյանի, Կարեն Աղամյանի, Շահեն Ասլանյանի, Վիգեն Թադևոսյանի, Սամվել Չիբուխչյանի, Հրաչ Վարդանյանի, Էդուարդ Հակոբյանի, Վահե Թևոսյանի, Վահագն Գալստյանի, Էդուարդ Վարդանյանի գործերը: Նկարների վաճառքից գոյացած հասույթը կտրամադրվի սիրիահայերի «Նոր Հալեպ» թաղամասի կառուցմանը: Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Շնորհակալություն հայտնելով Ռուսական արվեստի թանգարանի տնօրինությանը, «Արտ-Կովկաս» Արմենիա ասոցիացիային և Հայ կանանց միջազգային միավորմանը միջոցառման կազմակերպմանն իրենց գործուն մասնակցությունը ցուցաբերելու համար՝ ՀՀ սփյուռքի նախարարը նշեց. «Արշիլ Գորկին, ծնվելով և դպրոցական կրթությունը ստանալով Վանի հայկական դպրոցում, կարողացավ դառնալ Ամերիկայի նորագույն նկարչության մոդեռն ուղղություններից մեկի՝ վերացական արվեստի հիմնադիրներից: Նրա կտավներում աշխարհը տեսավ Հայոց Ցեղասպանությունը վերապրած հայի անսահման տխրությունը: Կարմիրի, ճերմակի և դեղինի համադրությամբ ծնված նկարներում մահվան տրամադրություններն են, իսկ «Ցեղասպանություն Եփրատի հատակին» անվամբ նկարը պարզապես հաստատում է Եղեռնի փաստը»: Նախարարը ցավով նշեց, որ այսօր Արշիլ Գորկու մեծ ժառանգությունից միայն մեկ կտավ կա Հայաստանում, որը ցուցադրվում է Ազգային պատկերասրահում: ՀՀ սփյուռքի նախարարն ուրախությամբ հայտնեց, որ Հայաստանում կա Արշիլ Գորկու անունը կրող դպրոց: Նա շնորհակալություն հայտնեց միջոցառմանը ներկա ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Շահեն Խաչատրյանին՝ մեծ վարպետի գործերը հայ հասարակությանը մշտապես խորքային և համոզիչ մեկնաբանություններով ներկայացնելու համար: Արվեստի վաստակավոր գործչի 70-րդ տարեդարձի, միևնույն ժամանակ Արշիլ Գորկու 110-ամյա հոբելյանի առթիվ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Շահեն Խաչատրյանին պարգևատրեց ՀՀ սփյուռքի նախարարության «Արշիլ Գորկի» մեդալով: «Ի դեպ, Շահեն Խաչատրյանը նույնպես ծնվել է Սփյուռքում՝ Հալեպում և 1946թ. մեծ հայրենադարձության ժամանակ տեղափոխվել Հայաստան, - նշեց տիկին Հակոբյանը՝ հավելելով, - մենք միշտ հիացել ենք մեր մեծ նկարիչների աշխատանքներով հատկապես Շահեն Խաչատրյանի ներկայացմամբ»: Այնուհետև Շահեն Խաչատրյանը միջոցառման մասնակիցներին ներկայացրեց Ոստանիկ Ադոյանի՝ Արշիլ Գորկու կյանքն ու ստեղծագործական ճանապարհը: Ցեղասպանության սարսափների ականատես նկարչի ստեղծագործ հոգին իր անուրանալի դրոշմն է թողել յուրաքանչյուր կտավում: Շահեն Խաչատրյանը ներկայացրեց նաև Արշիլ Գորկու կրտսեր քրոջ՝ Վարդուշի հուշերը նկարչի մասին: Նա նշեց, որ շուտով հայաստանցի արվեստասեր հասարակությունը նույնպես հնարավորություն կունենա հիանալ հայազգի մեծանուն նկարիչ Արշիլ Գորկու մի քանի գործերով, որոնք Հայաստանում ցուցադրվելու համար կտեղափոխվեն Պորտուգալիայի «Գալուստ Գյուլբենկյան» թանգարանից:

Նմանատիպ նյութեր