2233 դիտում
21:04 08-05-2014
Մենք հաղթեցինք ահեղ մարտում, բայց պարզվում է...
Փոքր ժամանակվա խաղընկերներիցս մեկը, երբ հաղթում էր, ուրախանում էր, ճչում, ծիծաղում ու գոռում. «Կրեցի՜, կրեցի՜»: Իսկ երբ պարտվում էր, աչքերը լցվում էին արյունով, կռվում ու գոռում. «Չե՛մ կրվել, չե՛մ կրվել»:
Երբ սկսվեց պատերազմը, այսինքն՝ Երասխավանի ճակատամարտից հետո, նա կամավորագրվեց: Մեր 60 բնակարանոց շենքից միայն նա կամավոր մեկնեց ճակատ: Նա այդ ժամանակ 23 տարեկան էր: Մեր շենքի նրա տարեկից տղաները ասում էին. «Ո՞ւմ համար է գնացել, ինչի՞ն էր պետք, բա պետք է՞ր իրեն»: Տարեցները մեծավարի ափսոսում էին. «Ախր ինչո՞ւ գնաց կռիվ: Չկարողացա՞ք չթողնեիք: Նոր ծնված երեխա ունի: Բա որ մի բան պատահի, ո՞վ պիտի կնոջը, երեխային տիրություն անի»:
Մի քանի ամիս անց նա գերի ընկավ: Նրա կինը հուսահատվեց ու մի քանի ամսական երեխայի հետ գնաց իր հոր տուն: 11 ամիս Ադրբեջանի բանտերում անցկացնելուց հետո, նա արտահանձնվեց ու տեղափոխվեց Սովետաշենի բանտ: Նրա ծնողների ուրախությանը չափ չկար: Կինը վերադարձավ մեր շենք: Սկսեցինք բողոքել. «Չէ որ նա կամավոր է, ֆիդային, ինչո՞ւ եք նրան հայրենի բանտում պահում: Հայ չե՞ք: Նա հայրենիքի համար է սահման մեկնել, կամավորական ջոկատի հետ է գնացել, սահման պահել»: 1,5 ամիս անց նրան Սովետաշենի բանտից տեղափոխեցին գաղութ, իսկ 2 ամիս անց՝ դատապարտյալների հիվանդանոց: Մեկ-մեկ գումար էինք հավաքում, տանում ու պատի վրայից նետում նրան: Հայրենի բանտերում 6 ամիս անցկացնելուց հետո նա պայմանական ազատ արձակվեց՝ առողջական վիճակի պատճառով:
Բակում նրան դիմավորեցին ոչ միանշանակ: Նրա տարեկիցները ուրախ էին, որ իրենց ախպեր-ընկերը վերադարձել է, բայց կրկնում էին նույն հարցը. «Ո՞ւմ համար էիր գնացել կռիվ, ինչի՞դ էր պետք, բա պետք է՞ր քեզ»: Տարեցները աչքալուսանք էին տալիս նրա ծնողներին: Մայրը ցնծում էր, ժպիտը դեմքից չէր իջնում՝ որդին վերադարձել էր:
Մի քանի ամիս անց, առողջությունը վերականգնելուց հետո նա կրկին կամավոր մեկնեց սահման: Այդ ժամանակ սկսվել էին եռամսյա հավաքները: Փողոցից երիտասարդներին բռնում ու տանում էին բանակ: Մեր շենքից 2-ին տարել էին, մյուսները շատ զգույշ էին դուրս գալիս փողոց, խուսափում շուկաներից, մետրոյից, որովհետև բռնում-տանում էին:
Մեկ տարի անց նրան զորացրին, որովհետև կամավորական բոլոր ջոկատները լուծարվել էին ու մտել բանակ: Նրան չվերցրին բանակ, որովհետև դատապարտյալների հիվանդանոցի տված թղթում նշված էր, որ նա առողջական խնդիր ունի: Այդպես ավարտվեց նրա պատերազմական կյանքն ու նա վերադարձավ քաղաք:
Նա կարողացավ փոքր աշխատանք գտնել այն ժամանակ, երբ քաղաքի մեծ մասը կիսաքաղց էր, փողն արժեզրկվում էր, գործարանները, ֆաբրիկաները, ինստիտուտները փակվում էին: Ով մանր առևտուր էր անում՝ ապրում էր, մնացածները՝ մի կերպ: Այդ ժամանակ մարդիկ, որ մինչ այդ հեգնում կամ խղճում էին նրան, սկսեցին չարանալ նրա վրա: Կարծես նա էր մեղավոր, որ այդպես եղավ. «Դու և քո նմանները ինչո՞ւ գնացիք, կռիվ գցեցիք, գյոզալ երկիրը քանդեցիք: Ի՞նչ ազատություն, ի՞նչ անկախություն: Էս է՞իք ուզում»: Նա այդպիսի հարցերին չէր արձագանքում, հայացքը սառում էր ինչ-որ անորոշ կետում, հետո թեք ժպտում էր ու փոխում թեման՝ սկսում պատմել բանտից, հանցագործներից: Մարդիկ հաճույքով և ուշդրությամբ լսում էին հանցագործների մասին պատմությունները: Իսկ երբ պատմում էր պատերազմի կամ կռված տղաների մասին նորից վրա էին տալիս. «Ինչի՞դ է պետք ազատությունը, ինչի՞դ է պետք անկախությունը: Ղարաբաղի համար կռվել ես, դե գնա Ղարաբաղում էլ ապրի: Լավ չէ՞ր սովետի ժամանակ: Ինչի՞ հասաք: Կռիվ գնալու փոխարեն, գոնե մի հատ բանջարեղենի խանութ կամ պեռաշկու ցեխ բացեիր»: Նա սկզբում կարկանդակի արտադրություն կազմակերպեց, բայց ձախովեց, հետո բանջարեղենի խանութ բացեց, բայց ձախողվեց, հետո ընտանիքով տեղափոխվեց Ղարաբաղ՝ ազատագրված տարածքներ: Հետո կրկին հետ եկավ քաղաք, «կաֆել խփել» սովորեց ու ծնկաչոք աշխատում էր, որպեսզի ապահովեր կնոջն ու 4 երեխաներին: Հիմա չգիտեմ որտեղ է: Ասում են, գնացել է Մոսկվա և այնտեղ է «կաֆել խփում»:
[b]ԹԱԹՈՒԼ ՄԿՐՏՉՅԱՆ[/b]
Լուսանկարում 106-ամյա հայ տատիկն է: Նա ինքնաձիգը ձեռքին Արցախյան պատերազմի տարիներին պարշտպանում էր սեփական տունն ու սեփական հողը:
Նմանատիպ նյութեր
2680 դիտում
16:59 09-08-2014
Մենք հակառակորդին հաղթեցինք և՛ սահմանին, և՛ տեղեկատվական հարթությունում. Արծրուն Հովհաննիսյան
1893 դիտում
15:26 29-03-2021
Խոակին Կապառոս. «Մենք թիմ ենք և հաղթեցինք առաջին հերթին թիմային խաղի շնորհիվ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
883 դիտում
15:40 27-11-2024
2025թ. խմելու ջրի սակագինը սպառողների համար չի բարձրանա
1174 դիտում
15:26 27-11-2024
Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 5-8 աստիճանով