211652_close_icon
views-count1172 դիտում article-date 13:10 06-05-2014

Իսպանիայի Կադիս քաղաքում տեղի է ունեցել ուխտագնացություն՝ 250 իսպանահայերի մասնակցությամբ

Մայիսի 3-ին Իսպանիայի Կադիս քաղաքում Իսպանիայում և Պորտուգալիայում Հայրապետական պատվիրակի փոխանորդ, տեր Սասուն ծայրագույն վարդապետ Զմրուխտյանի առաջնորդությամբ կազմակերպվեց համայնքային ուխտագնացություն դեպի Սանտա Մարիա դե Նազարենա եկեղեցի, որն այդ պատմական քաղաքում 17-րդ դարում կառուցել են այնտեղ բնակություն հաստատած հայ վաճառականները: Իսպանիայի տարբեր քաղաքներից և շրջաններից Կադիս էին ժամանել շուրջ 250 իսպանահայեր: Միջոցառմանը, որը հռչակված էր որպես Իսպանիայում կայանալիք` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների սկզբնական ձեռնարկ, մասնակցեցին նաև Իսպանիայում ՀՀ գործերի հավատարմատարն ու հյուպատոսը: Միջնադարյա եկեղեցու սրահում, որի պատերին առկա են հայատառ գրառումներ, իսպանահայության հոգևոր առաջնորդ, տեր Սասուն վարդապետ Զմրուխտյանը և Մադրիդից ժամանած տեր Շնորհք աբեղա Սարգյանը կատարեցին սուրբ պատարագ և հոգեհանգստի պաշտոն՝ ի հիշատակ Մեծ Եղեռնի նահատակների: Ընթերցվեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետի օրհնության գիրը՝ ուղղված ուխտագնացներին: Ելույթներով հանդես եկան Իսպանիայում ՀՀ գործերի հավատարմատար Խորեն Տերտերյանը, Կադիսի Առաջնորդարանի ավագ ներկայացուցիչ Սանտիագո Պոսադան և հոգևոր հայր Բալբինո Ռեգերան, որոնք հարգանքի տուրք մատուցեցին 17-րդ դարում Իսպանիայում հայ եկեղեցու և համայնքի հիմնադիրները հանդիսացած բարերարներ Դավիթ, Պողոս և Հակոբ Շաքարյան եղբայրներին: Ուխտագնացության խորագրով անցկացված հոգևոր միջոցառմամբ սկիզբ են դրվում նաև Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները:

Նմանատիպ նյութեր