211652_close_icon
views-count1052 դիտում article-date 17:27 30-04-2014

ՀՀ զորամասերում անցկացվում է «Առողջ զինվոր` առանց ծխախոտի» ծրագիրը

Սյունիքի, Վայոց ձորի, Արարատի, Տավուշի, Գեղարքունիքի մարզերի և ՀՀ ՊՆ շուրջ 10 զորամասերում անցկացվում է «Առողջ զինվոր` առանց ծխախոտի» եռամսյա ծրագիրը: Ծրագիրն իրականացնում է «Զարգացման ծրագրերի հայկական կենտրոն» ՀԿ-ն` Հայաստանի երիտասարդական հիմնադրամի` որպես ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության կողմից հայտարարված դրամաշնորհային մրցույթի շրջանակներում` «Հանրության իրազեկում ծխախոտի օգտագործման և երկրորդային ծխի վնասակար ազդեցությունների վերաբերյալ» անվանակարգում: Ապրիլի 10-ից մեկնարկած եռամսյա ծրագրի առաջին փուլում անցկացվում են սոցիոլոգիական հարցումներ 500 զինվորների շրջանում` պարզելու` նրանցից քանիսն են ծխում, երբ են սկսել օգտագործել ծխախոտ` նախքան ծառայությո՞ւնը, թե՞ ծառայության ժամանակ և ի՞նչ պատճառներ են ընկած նրանց ծխելու հիմքում: Ծրագրի 2-րդ փուլում 10 զորամասերում կանցկացվեն տեղեկատվական դասընթացներ բժիշկների, հոգեբանների և հոգևոր սպասավորների կողմից: Դասընթացներից հետո կցուցադրվի հակածխախոտային բովանդակությամբ ֆիլմ և մասնակիցներին կբաժանվեն տեղեկատվական բուկլետներ, զորամասերում կտեղադրվեն տեղեկատվական ցուցանակներ: Ծրագիրը կամփոփվի մայիսի 31-ին` Ծխախոտի դեմ պայքարի միջազգային օրը, ՀՀ ՊՆ վարչական համալիրում: Խոսելով ծրագրի կարևորության և նպատակի մասին` «Զարգացման ծրագրերի հայկական կենտրոն» ՀԿ-ի նախագահ Սարգիս Կարապետյանը փաստեց, որ ծխելու վերաբերյալ ուսումնասիրություն զինծառայողների շրջանում առաջին անգամ է կատարվում ու նշեց. «Ծրագրի նպատակն է ուսումնասիրել ՀՀ Զինված ուժերում ժամկետային զինծառայողների կողմից ծխախոտի օգտագործման աստիճանն ու պատճառները, բարձրացնել զինվորների իրազեկվածությունը ծխախոտի օգտագործման հետևանքների վերաբերյալ: Աշխատանքները ոչ թե պետք է սկսել արդեն կանոնավոր ծխողի հետ, այլ կանխարգելել այն շրջանում, երբ սկսում են տուրք տալ ծխելուն»: Նշենք, որ արդեն տեղեկատվական դասընթաց-քննարկումներ են անցկացվել Նուբարաշենի 5-րդ բանակային կորպուսում և Արարատի` Վ. Սարգսյանի անվան զորամասում:

Նմանատիպ նյութեր