211652_close_icon
views-count1384 դիտում article-date 21:14 29-04-2014

Ինչո՞վ կարող եմ Ձեզ ծառայել

Ներկայում, երբ մտնում եք հայաստանյան պաշտոնյայի մոտ, նա բարևից հետո Ձեզ հարցնում է. «Ինչո՞վ կարող եմ Ձեզ ծառայել»: Սա ամնևին էլ զարմանալի չէ: Զարմանալի կլիներ այն, որ պաշտոնյան չմտածեր քաղաքացուն ծառայելու մասին: Իսկ երբ նա պատրաստակամություն է հայտնում ծառայելու, ապա դա պետք է ընդունել որպես ուրախալի և ողջունելի իրողություն: Ծառայելու պատրաստակամությունը բնորոշ է քաղաքացուն ընդհանրապես: Ծառայությունը դրական երևույթ է, և ամենևին չի նսեմացնում մարդուն: Սակայն մեզանում քիչ չեն նրանք, ովքեր ծառայությունը համարում են նվաստացուցիչ, իրենց երևակայում թագավոր և պատկերացնում, թե իրենց չպետք է ծառայեն: Թագավորը լինելը վատ բան չէ: Սակայն երբ մարդը թագավորին բնորոշ ոչինչ չի անում, թագավորի վարքին, մտածողությանը, կեցվածքին բնորոշ ոչինչ չունի, սակայն պատկերացնում է, թե ծառայելը վիրավորական է, ապա նա պարզապես տգետ է, սխալ դաստիարակաված, ողորմելի թշվառական: Ծառայելու պատրաստակամությունը ոչ մի ընդհանուր բան չունի ստրկամտության հետ: Հայրենիքին, թագավորին, կրթության գործին, երեխային, առողջապահությանը, մարդկությանը, բանակում, խաղաղությանը ծառայողը ունի այդ թիրախների գիտակցումը որպես գաղափարի: Արտաքինից ստրուկի և ծառայողի գործողությունները կարող են նման լինել, սակայն ստրուկը չունի գաղափար և նվիրվածություն թիրախին: Ստրուկն աշխատում է պարտադրված, մի կտոր հացի համար, մի քանի դրամի համար, սակայն ոչ երբեք հանուն մարդու, հայրենիքի, գաղափարի: Ստրուկը միտումնավոր ոչինչ չի անում, որովհետև զրկված է նախաձեռնությունից, ի տարբերություն ծառայողի, ով ունի ոչ միայն գործունեության թիրախ այլև գործունեության ազատություն: Ստրուկը մշտապես ատում է իր կարգավիճակը, տիրոջն ու իր կատարած գործը: Ծառայողը հարգում և սիրում է իր կարգավիճակը, տիրոջն ու գործը: Ծառայելը մարդասիրական երևույթ է: Ծառայելու պատրաստակամություն ունեցողը ֆիքսում է, որ հումանիստ է: Նրան կարելի վստահել, որովհետև եթե նույնիսկ չկարողնա լուծել քաղաքացու բարձրացրած հարցը, հաստատ չի վնասի: Եվ ուրեմն այն օրը, երբ հայաստանյան ոչ միայն պաշտոնյաները, այլև բոլոր քաղաքացիները դիմացինին ծառայելու պատրաստակամություն ունենան, ապա կարելի է հուսալ, որ ինչ-որ բան կարող է փոխվել դեպի լավը: [b]ԹԱԹՈՒԼ ՄԿՐՏՉՅԱՆ[/b]

Նմանատիպ նյութեր