1331 դիտում
19:25 29-04-2014
Քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Երևանի քաղաքային ջերմատուն
Երևանի քաղաքային ջերմատուն կատարած աշխատանքային այցի շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանը ծանոթացել է մայրաքաղաքի այս տարվա կանաչապատման ու ծաղկապատման ուղղությամբ նախատեսվող աշխատանքների նախապատրաստման ընթացքին: Շրջայցի շրջանակում քաղաքապետին նախ ներկայացվել են նոր ներկրված շուրջ 200 մեքենասարքավորումները, որոնք նախատեսված են ինչպես խոտ հնձելու, այնպես էլ տերևներ հավաքելու համար: Կանաչ տարածքների պատշաճ խնամքն ապահովելու նպատակով դրանք առաջիկայում կհատկացվեն մայրաքաղաքի վարչական շրջաններին: Այնուհետ Տարոն Մարգարյանը շրջել է ջերմատան տարածքում, զրուցել աշխատակիցների հետ: Ներկայացնելով ջերմատանն աճեցվող ծաղկատեսակների ծավալները` բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ այս տարի Հոլանդիայից ներկրված շուրջ 1 մլն 200 հազար և ջերմատանն աճեցված ևս 1 մլն ծաղկասածիլներն ու շուրջ 150 հազար փիփերթները շուտով կտեղափոխվեն սիզամարգեր: Զեկուցվել է նաև, որ արդեն ավարտին է մոտենում վաղ գարնանից ծաղկած բազմերանգ շուրջ 600 հազար կակաչների ծաղկման շրջանը և շուտով կակաչների սոխուկները կտեղափոխվեն պահպանման՝ դրանք աշնանը կրկին վերատնկելու համար: Զեկուցվել է նաև, որ արդեն իսկ մեկնարկել են վարդի թփերի տնկման աշխատանքները: Ընդհանուր առմամբ, ընթացիկ տարում մայրաքաղաքի սիազամարգերը կզարդարեն շուրջ 40 հազար վարդեր: Արդյունքում 2014թ. մայրաքաղաքի ծաղկային մակերեսը նախկին 6.7 հա-ի փոխարեն կկազմի 7.5 հա:
Առանձնակի կարևորելով մայրաքաղաքի ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների վերականգնումն ու ընդլայնումը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է հետևողական աշխատանք տանել այդ ուղղությամբ. «Մենք նախատեսում ենք ընդլայնել մեր ջերմոցային տնտեսությունը, ինչը հնարավորություն կտա ավելի շատ ծաղկատեսակներ ու ծաղիկներ աճեցնել: Բացի այդ, մայրաքաղաքի կանաչապատման հարցում մենք համագործակցում ենք նաև մի շարք միջազգային կառույցների հետ և համոզված ենք, որ համատեղ ուժերով մենք կկարողանանք լուրջ արդյունքներ գրանցել բնապահպանության ոլորտում:
Երևանի զարգացման քառամյա ծրագրով առանձնակի կարևորել ենք նաև մայրաքաղաքի ոռոգման համակարգի ընդլայնումն ու վերականգնումը: 2014թ. մայրաքաղաքում կանցկացվի 23 կմ ոռոգման նոր ցանց, ինչը շուրջ 2.5 կմ-ով ավելի է նախորդ տարվանից: Եվ ես վստահ եմ, որ առաջիկա մի քանի տարիների ընթացքում մայրաքաղաքի կենտրոնական փողոցների, այգիների ու պուրակների ոռոգման խնդիրը կհամարենք լուծված ու կանդրադառնանք բակային տարածքների ոռոգման համակարգերի կարգավորման խնդրին: Բազմիցս կոչ եմ արել, որ մեր համաքաղաքացիներն էլ անմիջական մասնակիցը դառնան մայրաքաղաքի զարգացմանն ուղղված ծրագրերին և այս անգամ էլ, օգտվելով առիթից, կոչ եմ անում մեր համաքաղաքացիներին, որ դառնան մեր գործընկերն ու ներկայացնեն իրենց առաջարկները, որոնք միասին կյանքի կոչելով էլ կունենանք մեր ավելի կանաչապատ ու գեղեցիկ Երևանը»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Համակարգված և մասնագիտորեն հիմնավորված կանաչապատում իրականացնելու մասով էլ քաղաքապետը տեղում պատասխանատուներին հանձնարարել է հաշվի առնել Երևանի բնակլիմայական պայմանները, տեղանքը և անհրաժեշտ այլ գործոններ: Ըստ այդմ, հանձնարարվել է նաև առանձնակի ուշադրություն դարձնել ծառատեսակներին ու ծաղկատեսակներին. «Մայրաքաղաքի կանաչապատման ու ծաղկապատման ուղղությամբ վերջին տարիների ընթացքում կատարած աշխատանքների արդյունքն, իհարկե, ակնհայտ է, սակայն կհորդորեմ չբավարարվել եղածով ու նույն եռանդով շարունակել աշխատանքները նաև այս տարի: Մեր և մեր համաքաղաքացիների ցանկությունը երբեմնի կանաչապատ ու ծառերով հարուստ Երևանը վերականգնելն է, ու մենք պարտավոր ենք արդարացնել նրանց սպասելիքները: Ըստ այդմ, մենք պետք է չբավարարվենք ձեռք բերածով և համատեղ, թիմային աշխատանքի արդյունքում պետք է կրկնապատկենք ծավալներն ու, դրան զուգահեռ, նաև հետևողական աշխատանքներ տանենք արդեն կատարածի պահպանման ու խնամքի ուղղությամբ: Քաղաքի ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների ավելացման մասով մենք իրոք զգալի աշխատանքներ ենք տանում, այդ թվում նաև նոր այգիների և պուրակների ստեղծման ուղղությամբ: Ընթացիկ տարում մենք մեր բնակիչների տնօրինմանը կհանձնենք ևս 10 նոր այգիներ և շուրջ 600 բակեր: Բացի այդ, այսօր մենք ՀՀ կառավարության հետ համատեղ քննարկում ենք նաև Երևանի անտառագոտիների վերականգնման ուղղությամբ իրականացվելիք ծրագրերը, որոնք, համոզված եմ, հնարավորին արագ կյանքի կկոչենք», - նշել է քաղաքապետը:
Ի դեպ, Երևանի համաչափ զարգացման համատեքստում մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում, գարնանային ծառատունկի ժամանակ ընդհանուր առմամբ տնկվել է շուրջ 30 հազար ծառ և թուփ: 2014 թվականի կանաչապատման ծրագրերի ընթացքում էլ նախատեսվում է մայրաքաղաքի կանաչ տարածքների մակերեսը ընդհանուր առմամբ հասցնել 850.0 հա-ի:
Նմանատիպ նյութեր
1264 դիտում
15:03 09-03-2017
Տարոն Մարգարյանն այցելել է Փարիզի քաղաքային ճգնաժամային կառավարման կենտրոն, ծանոթացել կենտրոնի գործունեությանը
1149 դիտում
15:52 15-07-2015
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Մարսելի ճենապակու թանգարան
Այս բաժնից
301 դիտում
17:28 23-12-2024
Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին թույլ բուք է, տեղ-տեղ մերկասառույց
898 դիտում
15:58 23-12-2024
«Հարյուրամյակի կին գործարար» մրցանակը շնորհվել է Ռոզա Ծառուկյանին
493 դիտում
15:46 23-12-2024
Fastex-ի աջակցությամբ կայացել է Harmony Meetup VI-ը՝ ձևավորելով Web3-ի ապագան Միջին Արևելքում