211652_close_icon
views-count1264 դիտում article-date 15:03 09-03-2017

Տարոն Մարգարյանն այցելել է Փարիզի քաղաքային ճգնաժամային կառավարման կենտրոն, ծանոթացել կենտրոնի գործունեությանը

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի` Ֆրանսիայի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում Փարիզում գտնվող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Փարիզի քաղաքային ճգնաժամային կառավարման կենտրոն: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը շրջել և ծանոթացել է կենտրոնի գործունեությանն ու մատուցվող ծառայություններին: Պատասխանատուները նշել են, որ Փարիզի տարբեր հատվածներում տեղադրված տեսահսկման և անվտանգության այլ համակարգերի կիրառման միջոցով քաղաքային ճգնաժամային կառավարման կենտրոնի աշխատակիցները շուրջօրյա հսկողություն են իրականացնում, ինչը կարևոր դերակատարում ունի Ֆրանսիայի մայրաքաղաքի բնակիչների ու հյուրերի անվտանգության ապահովման հարցում: Նշվել է նաև, որ հաճախ կենտրոնի աշխատանքներին մասնակիցն են դառնում ինչպես Փարիզի քաղաքապետը, այնպես էլ քաղաքապետի տեղակալները, քաղաքային տարբեր կառույցների ղեկավարներն ու աշխատակիցները: Շնորհակալություն հայտնելով կենտրոնի գործունեությունը ներկայացնելու համար` Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ «Անվտանգ քաղաք» ծրագրի շրջանակում Երևանում ևս գործում է տեսահսկման համակարգ և ընդգծել, որ այն իսկապես լավ գործիք է քաղաքն առավել անվտանգ դարձնելու համար: Տարոն Մարգարյանը նաև նկատել է, որ տեղեկատվական ժամանակակից տեխնոլոգիաների առկայությունը լայն հնարավորություն է ընձեռում մի շարք ոլորտներում կառավարումն ավելի արդյունավետ ու վերահսկելի դարձնելու համար: Հաշվի առնելով երկու մայրաքաղաքների միջև հաստատված բազմոլորտ համագործակցությունը` կողմերը պայմանավորվել են փորձի փոխանակման ծրագրեր իրականացնել նաև այս ուղղությամբ:

Նմանատիպ նյութեր