211652_close_icon
views-count2067 դիտում article-date 23:29 28-04-2014

Նախանշվեց գիտելիքի նախնական գնահատման կենտրոնի ստեղծումը

Այսօր կնքվեց համագործակցության հուշագիր Եվրասիա միջազգային համալսարանի և ՀՀ ԿԳՆ աշխատակազմի Գիտելիքի գնահատման և թեստավորման կենտրոնի միջև: Համագործակցության գլխավոր նպատակը միասնական քնությունների անցկացման և նախնական գնահատման անկախ կենտրոն ստեղծումն է, որի շրջանակներում դիմորդները ոչ միայն մայիս-հունիս ամիսներին կմասնակցեն միասնական քննություններին, այլ ամբողջ տարվա ընթացքում իրենց նախընտրելի ժամանակահատվածում, երբ դիմորդի մոտ ցանկություն և անհրաժեշտություն առաջանա` նվազեցնելով հոգեբանական ծանրաբեռնվածությունը: Համագործակցությունը ենթադրում է նաև դիմորդների գիտելիքի նախնական փորձագիտական գնահատման աշխատանքների համատեղ կազմակերպում` առավելագույն չափով նմանակված ԳԹԿ-ի կողմից մշակված մեթոդիկային և պահանջներին, գիտելիքի ստուգման պայմաններին: Ինչպես իր խոսքում նշեց ԵՄՀ ռեկտոր Սուրեն Օհանյանը, կենտրոնի շնորհիվ քննություններ հանձնելու հնարավորություն կտրվի հասարակության բոլոր շերտերի ներկայացուցիչներին` նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների շրջանավարտներին, ՀՀ-ում կրթություն ստանալու նպատակ ունեցող օտարերկրացիներին, բանակից զորացրվածներին և ընդհանրապես անձնական նախաձեռնությամբ իրենց գիտելիքների մասին պատկերացում կազմելու կարիք ունեցող քաղաքացիներին: Գիտելիքի գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Գագիկ Մելիքյանը ողջունեց նախաձեռնությունը և նշեց, որ նախնական գնահատման անկախ կենտրոնի կարիք իրոք կա հանրապետությունում, ԳԹԿ-ն կանի հնարավորինս համագործակցությունն արդյունավետ իրականացնելու համար և կընդունի ցանկացած նորարարություն` ի նպաստ ազգային կրթական համակարգում գիտելիքի անաչառ գնահատման: Մինչև միասնական քննությունների մեկնարկը անհրաժեշտ է, որ ապագա դիմորդը փորձի նախապես ստուգել իրեն հարկավոր առարկաներից ունեցած գիտելիքի պաշարը, պարզի համապատասխանությունը միասնական քննությունների պահանջներին ու ստացած արդյունքների հիման վրա ընդունի անհրաժեշտ և հրատապ որոշում. բավարարվե՞լ ստացված գիտելիքներով, շարունակե՞լ ընտրված ուսումնառության ծրագիրը, թե՞ ձեռնարկել լրացուցիչ միջոցառումներ միասնական քննություններին ակնկալելու առավել բարձր միավորներ:

Նմանատիպ նյութեր