211652_close_icon
views-count1383 դիտում article-date 17:39 28-04-2014

Հայաստանը մեր տունն է, Արցախը՝ դարպասը. երիտասարդ համալսարանականները՝ Արցախում

Ապրիլի 25-ից 27-ը համալսարանականներն Արցախում էին: 2006 թվականից սկսած` ամեն տարի Երևանի պետական համալսարանի ուսանողական կառույցները՝ ի դեմս ՈՒԽ-ի, ՈՒԳԸ-ի, Ուսանողների հետ տարվող աշխատանքների բաժնի աջակցությամբ այցելում են Արցախ: Արցախ կատարած այցելության առաջին օրը համալսարանականները եղան Եղեգնուտ գյուղի` զոհված ազատամարտիկ Պետրոս Ղևոնդյանի անունը կրող միջնակարգ դպրոցում: Այցը հենց այդ դպրոց պատահական չէր, քանի որ հունվարին լրացել էր համալսարանական ազատամարտիկի ծննդյան 50-ամյակը: Դպրոցում ԵՊՀ-ականներին ընդունեցին մեծ ոգևորությամբ ու ցնծությամբ, իսկ շնորհալի աշակերտներն ու Մայր բուհի ՈՒԽ մշակույթի հանձնաժողովի և «Վարդանանք» ակումբի անդամներն էլ իրենց յուրօրինակ հայրենասիրական կատարումներով ոգևորեցին ներկաներին: «Ձեր հայրերն ու հորեղբայրները ամեն ջանք ներդրեցին հայոց Արցախ աշխարհը ադրբեջանական գերությունից ազատագրելու համար: Այսօր բոլորս միասին տեսնում ենք, թե ինչպես է վերազինվում Արցախը, ինչպես են բուժվում պատերազմի վերքերը, ու այս ամեն ինչի մեջ մեծ է ձեր դերն ու նշանակությունը: ԵՊՀ-ն մշտապես կանգնած է Արցախի կողքին: Դրա ապացույցն այն է, որ այսօր այստեղ ենք ու ցանկանում ենք որևէ կերպ երախտահատույց լինել Արցախյան հերոս Պետրոս Ղևոնդյանին և մաղթում ենք, որ բոլորս փառք ու պատվով հարգենք նրա լուսավոր հիշատակը»,- ասաց ԵՊՀ հայ գրականության պատմության ամբիոնի վարիչ Սամվել Մուրադյանը: Ուսանողների հաջորդ կանգառը Մարտակերտի (Նոր Ղազանչի)` Պետրոս Ղևոնդյանի անվան զորամասն էր, որտեղ տարիներ առաջ` Քարվաճառի ազատագրման ժամանակ, զոհվել էր Արցախյան հերոս Պետրոս Ղևոնդյանը։ Անգամ օրվա անձրևոտ եղանակը չխանգարեց, որպեսզի ԵՊՀ ՈՒԽ մշակույթի հանձնաժողովը հանդես գար համերգային ծրագրով: ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների բաժնի վարիչ Վահագն Վարագյանը նշեց, որԱրցախի հերոս Պետրոս Ղևոնդյանին նվիրված այս միջոցառումն ուներ կարևոր նշանակություն, քանզի ապագա սերնդի դաստիարակման համար նա հանդիսանում է յուրօրինակ ազգային կերպար, մարդ, ով կիսատ թողելով ուսումը և գրիչը փոխարինելով զենքով` մեկնեց պաշտպանելու իր հայրենիքը և կյանքն անգամ չխնայեց հայրենիքի ազատագրման համար: Արցախ այցելության երկրորդ օրը համալսարանականներն այցելեցին Արցախի պետական համալսարան: Նրանք մասնակցեցին ԵՊՀ և ԱրՊՀ համալսարանների կողմից համատեղ կազմակերպված գիտաժողովին` նվիրված Արցախյան գոյամարտում հրադադարի հաստատման 20-ամյակին: ԵՊՀ 15 ուսանողներ հանդես եկան զեկուցումներով, իսկ օրվա ավարտին հասցրեցին լինել նաև Տիգրանակերտում: Երրորդ օրը Մայր բուհի ներկայացուցիչներն այցելեցին Բերձորի համալսարանական պուրակ` մասնակցելու ծառատունկին` նվիրված ԵՊՀ հիմնադրման 95 և ՈՒԽ հիմնադրման 20-ամյակներին: Ծառատունկին մասնակցում էին նաև Բերձորի համար 2 միջնակարգ դպրոցի աշակերտները: Հավելենք նաև, որ արդեն բարի ավանդույթ դարձած ծառատունկին աջակցում էր նաև «Գուրգեն Մելիքյան» հիմնադրամը` ի դեմս ԵՊՀ արևելագիտության դեկան Գուրգեն Մելիքյանի: Արցախ կատարած այցը կազմակերպվել էր Հայաստանի երիտասարդական հիմնադրամի ֆինանսավորմամբ:

Նմանատիպ նյութեր