211652_close_icon
views-count1134 դիտում article-date 15:35 27-04-2014

ՀՀԿ երիտասարդները մասնակցել են ծաղկահավաքին

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության անդամներն ապրիլի 26-ին մասնակցել են ավանդական դարձած ծաղկահավաքին, որն արդեն 5-րդ տարին անցկացվում է Ծիծեռնակաբերդի բարձունքում։ Ցեղասպանության զոհերի հուշահամալիրի անմար կրակի մոտ բերված ծաղիկները խնամքով հավաքվել են, ծաղկաթերթիկներն առանձնացվել ցողուններից, որոնք հետագայում կօգտագործվեն թղթի վերամշակման համար: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն այդ վերամշակված թղթերն օգտագործում է բացիկներ, հրավիրատոմսեր և նամակներ պատրաստելու նպատակով: Իսկ ցողուններից պատրաստվում է պարարտախառնուրդ՝ այգիների մշակման համար: Այս գեղեցիկ նախաձեռնության հեղինակներն են Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը, ՎիվաՍել-ՄՏՍ-ն ու Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը։ Ծաղկահավաքին մասնակցել են կամավորներ, մի շարք ընկերությունների ներկայացուցիչներ, դպրոցականներ, ուսանողներ։ ՀՀԿ երիտասարդական կազմակերպության անդամ Արմինե Բարսեղյանը նոր կյանք ստացած ծաղիկները համեմատում է հայ ժողովրդի հետ. «Ծաղկահավաքը խորհրդանշում է մեր պատմությունը։ Ինչպես այս ծաղիկների թերթերը, այնպես էլ հայ ժողովուրդը վերածնվում, նոր կյանք է ստանում արհավիրքից հետո։ Նման միջոցառումները նաև համախմբում են երիտասարդներին, նրանց մեջ սերմանում սեր բնության, գեղեցիկի նկատմամբ»։

Նմանատիպ նյութեր