Հռոմի պապը Ուկրաինայի վարչապետին խաղաղության համաձայնագիր ստորագրելու համար գրիչ է նվիրել
Հռոմի Ֆրանցիսկոս պապը Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկի հետ հանդիպման ժամանակ նրան գրիչ է նվիրել՝ ասելով, որ հուսով է, որ այդ գրչով խաղաղության համաձայնագիր կստորագրվի:
Յացենյուկը Իտալիա է ժամանել՝ մասնակցելու ապրիլի 27-ին Վատիկանում տեղի ունենալիք հոգևոր միջոցառման: Հռոմի պապը և Ուկրաինայի վարչապետը քննարկել են ուկրաինական իրադարձությունները և հույս հայտնել, որ հակամարտության բոլոր կողմերը կառուցողական համագործակցություն կցուցաբերեն, որպեսզի Ուկրաինայում քաղաքական և սոցիալական կայուն իրավիճակ ստեղծվի:
Իր հերթին Յացենյուկը Ֆրանցիսկոս պապին է նվիրել Մայդանի լուսանկարներից մեկը՝ ասելով, որ սա այն տեղն է, որտեղ մարդիկ պայքարել են իրենց ազատության համար:
Յացենյուկը հանդիպել է նաև Իտալիայի վարչապետ Մատտեո Ռենցիի հետ և քննարկել Ուկրաինայի իրավիճակը: