Մոսկվայում ադրբեջանցիների միջև հրաձգություն է տեղի ունեցել. կա զոհ
Ապրիլի 25-ի լույս 26-ի գիշերը Մոսկվայի ծխախոտի խանութներից մեկում ադրբեջանցիների միջև ծագած վիճաբանությունը շարունակվել է կրակոցներով և ավարտվել մահով:
Ադրբեջանական haqqin.az պորտալի փոխանցմամբ՝ հրազենային վիրավորումից սպանվել է խանութի 48-ամյա սեփականատերը: Հաղորդվում է, որ նա սպանվել է այն ժամանակ, երբ խանութի աշխատակիցների և 6-8 հոգանոց խմբի միջև վեճը վերածվել է ծեծկռտուքի:
Խանութ մտած խմբի անդամներից մեկը 2 անգամ կրակել է խանութի սեփականատիրոջ կրծքավանդակին: Վերջինս հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է:
Խումբը խանութի տարածքը լքել է Վազ 2112 մակնիշի ավտոմեքենայով անհայտ ուղղությամբ: Նույն երեկո ռուս իրավապահները պարզել են ավտոմեքենայի վարորդի ինքնությունը. Վերջինս Ադրբեջանի 23-ամյա քաղաքացի է: Պարզվում է հանցախմբի մնացած մասնակիցների ինքնությունը: