Իրանի օդուժը լայնամասշտաբ վարժանքներ է սկսել
Իրանի ռազմաօդային ուժերը մայրաքաղաք Թեհրանում տեղակայված առաջին տակտիկական ավիաբազայում լայնածավալ զորավարժություններ են սկսել: Այս մասին հաղորդում են իրանական լրատվամիջոցները:
Զորավարժությունները Թեհրանում կայանալիք զինվորական շքերթի նախապատրաստումն է,որը տեղի է ունենալու Իրանի Զինված ուժերի օրվա առթիվ: Զորավարժություններում ընդգրկված են իրանական կործանիչներ, ռմբակոծիչներ, բեռնատար և տրանսպորտային ինքնաթիռներ, այդ թվում՝ F-4, F-5 և F-7, Saeqeh, CY-24 տիպի ուղղաթիռներ, МиГ-29, Mirage և C-130 տրանսպորտային ինքնաթիռը:
Նշենք, որ Իրանի Զինված ուժերի օրը նշվում է ամեն տարի ապրիլի 18-ին: Շքերթին մասնակցելու են Իրանի ԶՈՒ և Իսլամական հեղափոխության պահակազորը: Շքերթը կանցկացվի Իրանի հանգուցյալ գերագույն հոգևոր առաջնորդ, այաթոլահ Խոմեյնիի անվան դամբարանի առաջ: