Չի կարելի արդարացնել «Արարատից» կրած պարտությունը. Սարգիս Հովսեփյան
«Փյունիկ»-«Արարատ» խաղից հետո,որն ավարտվեց հյուրերի հաղթանակով (0-1), «Փյունիկի» գլխավոր մարզիչ Սարգիս Հովսեփյանը խոսել է խաղի մասին:
«Խաղը վատ սկսեցինք, որովհետև շուտ գոլ բաց թողեցինք: Հանդիպումը շատ դժվար ստացվեց, որովհետև այսպիսի պատանի թիմի համար դժվար էր խաղը վերադարձնել մեր ուզած հունին:
Դարպասապահը սխալ թույլ տվեց, սակայն պետք չէ նրան մեղադրել, նա դեռ երիտասարդ է և իր սխալների վրա է սովորում:
Սարգիս Բալոյանը վատ խաղ ցուցադրեց: Եթե հարձակվողը վտանգավոր պահեր չի ստեղծում, վտանգավոր փոխանցումներ չի կատարում, միանշանակ նա վատ է խաղացել:
Աշոտ Սարդարյանի փոխարինումը կապված էր նրա հետ, որ չէր կատարում մեր առաջադրանքները: Նրա սխալ փոխանցման արդյունքում գնդակը հայտնվեց հակառակորդի մոտ և հակագրոհի առիթ հանդիսացավ:
Որոշ ֆուտբոլիստների սխալների պատճառով արդեն երկրորդ խաղն է, որ պարտվում ենք: Նորից եմ կրկնում, պետք չէ նրանց մեղադրել, նրանք դեռ երիտասարդ են: Սակայն չի կարելի արդարացնել պարտությունը: Մենք վատ խաղացինք և պետք է աշխատենք սխալները ուղղելու համար», -Հովսեփյանի խոսքերը մեջբերում է «Փյունիկի» պաշտոնական կայքը: