1968 դիտում
22:32 10-04-2014
Արթուր Պետրոսյանի ներկայությունը Հայաստանի հավաքականում շատ կարևոր կլինի. Բերնար Շալանդ
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդի հետ հարցազրույցը ծրագրված էր ՀՖՖ TV-ի համար, սակայն ժամանակը շատ քիչ էր: Ազգային հավաքականի գլխավոր մարզիչը վաղը մեկնում է Ռուսաստանի մի քանի քաղաքներ՝ հետեւելու ազգային հավաքականի ֆուտբոլիստների մասնակցությամբ հանդիպումներին: Եվ քանի որ ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ ֆուտբոլի ակադեմիայում, Բեռնար Շալանդը հետեւում էր 1998 թ. ծնված 48 ֆուտբոլիստների մարզումներին եւ հանդիպումներին, ուստի հենց ֆուտբոլի ակադեմիայում էլ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչն իր առաջին հարցազրույցը տվեց ՀՖՖ պաշտոնական կայքին:
[b]- Պարոն Շալանդ, Երեւանում Ձեր առաջին մամուլի ասուլիսից հետո, որի ընթացքում ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը ներկայացրեց Ձեզ, Դուք անմիջապես մեկնեցիք եւ գրեթե մեկ ամիս Հայաստանում չէիք: Արդեն մի քանի օր է, ինչ կրկին Երեւանում եք: Կպատմե՞ք այդ ընթացքի մասին: Ո՞ւր էր մեկնել Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը:
[/b]
- Այդ ընթացքում ես առաջին հերթին փորձում էի ձևավորել իմ մարզչական շտաբը: Ես փորձեցի գտնել ֆիզիկական պատրաստության պրոֆեսիոնալ մարզչի, ով կկարողանար գալ Հայաստան եւ աշխատել բոլոր տարիքային հավաքականներում: Դա այնքան էլ հեշտ չէր, բայց ինձ հաջողվեց գտնել բավականին լավ մարզչի: Շատ կարևոր է, որ նա ոչ միայն ֆիզիկական գծով մասնագետ է եւ համալսարանի պրոֆեսոր, այլև շատ լավ է հասկանում ֆուտբոլից: Երկրորդը, ինձ պետք էր մարդ, ով մոտիկից կիմանար հայկական ֆուտբոլը եւ Հայաստանը: Եվ ես, իհարկե, միանգամից մտածեցի Արթուր Պետրոսյանի մասին: Նա աշխատել է ինձ հետ, երբ ես գլխավորում էի «Ցյուրիխը»: Նա աշխատում էր հիմնականում հարձակվողների հետ կամ գալիս էր Ռուսաստան եւ Արևելյան Եվրոպայի այն երկրներ, որտեղ կար ռուսերենի իմացության կարիք: Արթուրը գոհունակությամբ ընդունեց իմ հրավերը, բայց նա ունի լավ աշխատանք եւ պայմանագիր «Ցյուրիխում»: Ես խոսեցի «Ցյուրիխի» նախագահի հետ: Սկզբից նա ասաց, որ Արթուրին բաց չեն թողնի, որովհետև նա շատ կարևոր գործ է անում եւ գլխավորում է մինչև 21 տարեկանների թիմը: Ես չդադարեցրի փորձերս եւ գտա լուծումը: Արթուրը կգա միայն հավաքականի պաշտոնական խաղերի օրերին: «Ցյուրիխում» հանդես են գալիս տարբեր հավաքականների շատ խաղացողներ, ուստի այդ օրերին Արթուրը կարող է բացակայել ակումբից մի քանի օրով: Ես կարծում եմ, որ Արթուրի ներկայությունը հավաքականում շատ կարևոր կլինի:
Այդ ընթացքում մեկնեցի նաեւ Դորտմունդ եւ դիտեցի «Բորուսիա»-«Զենիթ» հանդիպումը: Խաղից հետո ես հանդիպեցի Հենրիխ Մխիթարյանին և մենք քննարկեցինք որոշ հարցեր: Իմ օգնականը դիտել է նաև Կառլեն Մկրտչյանի մասնակցությամբ «Ալկմար»-«Անժի» հանդիպումը: Մենք կատարել ենք նաև տեսավերլուծություններ: Վաղը ես կրկին մեկնելու եմ: Այս անգամ կմեկնեմ Ռուսաստան եւ տեղում կհետևեմ Հայաստանի ազգային հավաքականի այնտեղ հանդես եկող թեկնածուների խաղը: Երբ ժամանեցի Երեւան, հասցրեցի դիտել նաև Հայաստանի առաջնության հանդիպումները եւ հանդիպել Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականի գլխավոր մարզչի հետ: Ես կարծում եմ, որ նա բավականին գրագետ մարզիչ է, եւ մենք կկարողանանք լավ համագործակցել: Մի խոսքով, աշխատանքներն ընթանում են բնականոն հունով:
[b]- Ի՞նչ տպավորություն եք ստացել մեր առաջնության հանդիպումներից եւ կա՞ն արդյոք ֆուտբոլիստներ, որոնք կարող են համալրել մեր ազգային հավաքականը:
[/b]
- Կան 3-4 խաղացողներ, որոնց խաղը ես հավանել եմ, բայց դեռ վաղ է նրանց մասին վերջնական կարծիք կազմելու համար, քանի որ բացի «Բանանցից» մնացած թիմերի խաղերը ես տեսել եմ ընդամենը մեկ անգամ: Մենք պետք է հասկանանք, որ չունենք բավականաչափ թվով խաղացողներ եւ պետք է փնտրենք ֆուտբոլիստների պրոբլեմատիկ դիրքերի համար: Նրանց մեծ մասը լավ են վարվում գնդակի հետ, բայց տակտիկապես այդքան էլ գրագետ չեն գործում: Օրինակ, թիմերի մեծ մասը խաղում է ցածր տեմպով, անընդհատ փորձում է գնդակը երկար փոխանցումով ուղարկել առաջ, մինչդեռ ես հիմնականում իմ թիմերից պահանջում եմ խաղալ «խելացի» ֆուտբոլ, վերահսկել գնդակը, գրոհը սկսել պաշտպանությունից:
[b]- Դուք ունե՞ք նախընտրելի սխեմա, որի մեջ տեղավորում եք խաղացողներին, թե՞ ընտրում եք սխեման՝ ելնելով ձեր խաղացողների հնարավորություններից:
[/b]
- Դա կախված է տարբեր հանգամանքներից: Ես դիտել եմ հավաքականի խաղերի մեծ մասը նախորդ 2 շրջափուլերում եւ համոզվել, որ այն ավելի լավ արդյունքի է հասել, երբ խաղացել է երկու հենակետայինով, բայց կլինեն խաղեր, երբ մենք կխաղանք մեկ մաքուր հենակետայինով, քանի որ Հենրիխը շատ հաճախ կարողանում է նահանջել, ինքը սկսել գրոհը: Դա կախված կլինի նաև նրանից, թե ում դեմ ենք խաղում: Երբ մենք խաղում ենք զանգվածային պաշտպանություն ունեցող թիմերի դեմ, մենք պետք է կարողանանք ավելի ճկուն լինել, քանի որ դժվար է ստիպել այդպիսի մրցակցին մեծ ուժերով նետվել առաջ: Մենք պետք է լինենք համբերատար եւ օգտագործենք մեր ուժեղ կողմերը: Վարդան Մինասյանը հսկայական աշխատանք է տարել եւ հավաքականին հասցրել է այս մակարդակին: Մենք պետք է եւս մի փոքր ավելացնենք՝ ցանկալի արդյունքի հասնելու համար: Մենք դեռ չենք մասնակցել խոշոր մրցաշարերի, բայց վերջին երկու շրջափուլերը ցույց տվեցին, որ այնքան էլ հեռու չենք այդ նպատակից: Հենց դա է իմ այստեղ գալու գլխավոր դրդապատճառը:
[b]- Իսկ Ձեր կարծիքով, մինչ օրս ի՞նչն է խանգարել մեր հավաքականին կատարել այդ վերջին քայլը: [/b]
- Դժվար է նշել մեկ կոնկրետ պատճառ, բայց հավանաբար գլխավորներից մեկը պահեստայինների կարճ նստարանն է: Մենք ունենք շատ որակյալ խաղացողներ, բայց երբ նրանցից մեկը կամ մի քանիսը ինչ-որ պատճառով չի կարողանում խաղալ, մենք կանգնում ենք խնդիրների առջեւ: Մենք Հայաստանն ենք, ոչ թե Բրազիլիան, եւ չունենք այդքան մեծ թվով խաղացողներ, բայց մենք պետք է հասնենք նրան, որ յուրաքանչյուր դիրքում ունենանք մրցակցություն: Դա իմ աշխատանքն է, եւ ես գիտեմ, թե ինչպես հասնել դրան:
[b]- Ի՞նչ կասեք ազգային հավաքականի դարպասապահի դիրքի մասին:[/b]
- Մենք ունենք Ռոման Բերեզովսկի, եւ դիտարկում ենք նրան որպես հիմնական դարպասապահ նաեւ հաջորդ շրջափուլի համար: Կա Գևորգ Կասպարովը, որին միշտ կարող ենք վստահել: Եվս 2 դարպասապահ խաղում են մինչև 21 տարեկանների հավաքականում: Բայց մենք պետք է հասկանանք, որ Ռոման Բերեզովսկին չի կարող խաղալ մինչև 50 տարեկան եւ պետք է սկսենք աստիճանաբար պատրաստել նրան արժանի փոխարինող:
[b]- Դուք բավարարված ե՞ք Հայաստանի ֆուտբոլային ենթակառուցվածքներով, մարզադաշտերով եւ մարզումային պայմաններով:[/b]
- Այո, ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ ֆուտբոլի ակադեմիայում ամեն ինչ իդեալական է: Իհարկե որոշ ակումբներ չունեն իրենց սեփական մարզադաշտերը, բայց դա շտկելի հարց է, եւ ես գիտեմ, որ ժամանակի ընթացքում այդ խնդիրը նույնպես կլուծվի:
[b]- Ի՞նչ նպատակներ եք հետապնդելու մոտակա հավաքի ժամանակ:[/b]
- Գլխավորը իրար հետ շատ խաղալն է, շատ շփվելը: Ինձ պետք են խաղացողներ 3 խաղի համար: Սա ինձ համար լավ հնարավորություն է՝ տեսնել հնարավորինս շատ խաղացողների, բայց ես չեմ կարող վերցնել խաղացողի միայն քանակ լրացնելու համար: Նա կմիանա մեզ, եթե ունի լավ որակներ եւ կարող է օգտակար լինել մեզ հետագայում: Բացի այդ, արդեն այս հավաքի ընթացքում մենք պետք է փորձենք որոշակիորեն աշխատել տակտիկական խնդիրների վրա: Օրինակ, խաղալ ավելի կոմպակտ, կամ ագրեսիվ պրեսինգով, կամ բարձր պաշտպանական գծով:Հնարավոր է, որ մեզ միանան նաև խաղացողներ մինչև 21 տարեկանների հավաքականից: Մենք պետք է աշխատենք, որ այդ գործընթացը լինի շարունակական: Մինչև 17 տարեկանների լավագույն ֆուտբոլիստները համալրեն մինչև 19 տարեկանների կազմը եւ այդպես շարունակ:
[b]- Ի՞նչ տպավորություններ ունեք Հայաստանից: [/b]
- Տպավորությունս շատ լավ է, մարդիկ բարեհամբույր են, Երևանը՝ բավականին գեղեցիկ: Այստեղ կգա նաև կինս, եւ կարծում եմ՝ մենք հնարավորություն կունենանք ավելի լավ ծանոթանալու Հայաստանին եւ հայկական մշակույթին: Համենայնդեպս այս կարճ ժամանակահատվածում եւս մեկ անգամ համոզվել եմ, որ այստեղ կան բոլոր պայմանները՝ արդյունավետ աշխատանք կատարելու համար:
Նմանատիպ նյութեր
1530 դիտում
14:05 05-03-2014
ՀՖՖ-ի հետ կնքած պայմանագիրը շատ ռիսկային է ինձ համար. Բերնար Շալանդ
6233 դիտում
02:34 15-11-2014
Ես շատ զայրացած եմ, սա պատիվ չի բերում Պորտուգալիային. Բերնար Շալանդ
1846 դիտում
14:53 10-03-2014
Եկել եմ Հայաստան իմ վաղեմի երազանքը իրականացնելու համար. Բերնար Շալանդ
Այս բաժնից
1156 դիտում
18:28 19-11-2024
FIFA-ն պատժել է թուրքական ակումբին
1150 դիտում
12:59 19-11-2024
Բռնցքամարտիկ Յուրի Սաքունցը Չեխիայում հաղթել է Թուրքիայի ներկայացուցչին՝ նվաճելով չեմպիոնական գոտին
1387 դիտում
12:35 19-11-2024
Ադրբեջանը չի մասնակցի Հայաստանում կայանալիք զինվորականների ըմբշամարտի աշխարհի առաջնությանը