211652_close_icon
views-count1604 դիտում article-date 20:00 08-04-2014

«Ամուսնացած-բաժանվածը», հոգեբանները և մենք

Ամուսնությունը, մեծավ մասամբ, ընդունվում է ցնծությամբ, իսկ բաժանումը` տխրությամբ. սա բավական բնական է, և կենցաղային մակարդակից, եթե վեր բարձրանալու լինենք, ապա կնկատենք, որ ամուսնությունն ինքնին պետության համար մարտավարական կարևոր նշանակություն ունի, և վերը հիշատակված բնականությունը նաև ինքնապաշտպանական բնազդի բնական արտահայտությունն է: Այլև, բնավ պատահական չէ, որ Արևմուտքում բոլոր ոլորտներում ջատագովվում է ընտանիքի ամրությունը. քաղաքական գործիչը, բիզնեսմենը, լավ քաղաքացին… նշանավորվում են ընտանեասիրությամբ: Ֆիլմերում (նաև` զլմ-ներով ) կամ մելամաղձոտ նկարագրվում է միայնակ մարդու դժնի կյանքը կամ (և) ցուցադրվում ընտանեկան միջավայրի գեղեցիկ ու երջանիկ օրերը … Մենք նմանատիպ խնդիր (գրեթե) չենք ունեցել. հայ իրականության մեջ հստակ ըդգծված է եղել մարդու կյանքի ուղին, որը Մ. Միդի պատկերավոր բնութագրմամբ «երեխայի կյանքի անցնելիք ուղին ծնողի անցած ուղին էր». չափահասություն, մինչ սա կամ անմիջապես սրանից հետո, մասնագիտություն (արհեստ, առևտուր…), ամուսնություն, ընտանեկան կյանք: Սակայն վերջին տարիներին, թերևս գլոբալիզացիայնի արդյունքում, մեզանում նույնպես ծագում է ընտանիքի հիմնահարցը: Այս ոլորտում, ի թիվս բազում խնդիրների, ներկայիս Հայաստանում կա մարդկանց մի տիպ, ովքեր ենթագիտակցորեն, մղված են դեպի «ամուսնացած-բաժանված»-ի կենսակերպը: Նրանք, նույնիսկ չկասկածելով, ձգտում են ամուսնության, ապա` նպատակադրված բաժանման, բացառապես հասարակության մեջ խղճահարություն առաջացնելու միտումով: Այս կարգավիճակը հետագայում «լեգիտամացիա» է տալու իրենց վարած «բաժանված»-ի կենցաղին: Հոգեբանները հստակ և ճշգրտության աստիճան կարող են ասել, թե որ, առաջին հայացքից` անվնաս «չի՛ կարելի»-ների ու «իմ երեխան պիտի՛»-ների արդյունքում են առաջանում նմանատիպ ձգտումները: Եվ սակայն մենք դեռ չենք կարողանում հոգեբաններին լուրջ ընդունել: Սրա պատճառը մասամբ հոգեբանների ոչ պրոֆեսիոնալիզմն է, մասամբ էլ `մեր հին հոգեմտակերտվածքի դրոշմը, որը մեզ հետ տեղափոխում ենք «նոր կենցաղ ու նոր ժամանակներ»: Որոշ հոգեբանների թվում է, թե հոգեբան լինել նշանակում է կենցաղը վերբալիզացնել և դրա համար էլ մեր շատ «պրոֆեսորներ», ինչպես կասեր Կ. Մարքսը, այդպես էլ մնում են Արևմուտքի պրոֆեսորների ուսանողները: Մայուսը հայերիս կասկածներն են ամեն մի «էրոսային» բացատրման նկատմամբ: Զ. Ֆրեյդի, Կ. Յունգի, Ա. Ադլերի և այլոց հոգեբանական տեսությունները, հիմնված լինելով, կամ լրիվ կամ մասնակի, մարդու հաճույքապաշտական և սեռական բնազդների գերակայության վրա, ամոթի զգացում են առաջացնում մեզ հայերիս մոտ: Ուստի, վանում են և՛ դրանցից, և՛ դրանց մատուցած ծառայությունից: Եվ, ամեն դեպքում, մի բան հստակ է. Արևմուտքում, ներկայումս` մասնավորապես Ա.Մ.Ն-ում, այս ուսմունքների տված հմտությունները մեծ պահանջարկ ունեն. սա բխում է ամերիկյան ապրելակերպից: Մենք, որ, շատ դեպքերում, առանց կամավոր ընտրության, որդեգրում ենք այդ ապրելակերպը (սնվելը, աշխատելը, հագնվել…), չենք կարող զերծ մնալ նաև այն բոլոր արատներից, որոնք առկա են տվյալ ապրելակերպում, ուստի չենք էլ կարող չօգտվել հոգեբանության դեղատոմսերից, որոնք ծագել են` հօգնություն տվյալ ապրելակերպից տուժողների: Ուրեմն, կամ պետք է մնանք բացառապես մեր ավանդական կենցաղում (մի բան, որը դժվար թե, գործնականում հնարավոր լինի) կամ էլ պետք է ընդունենք նաև ոչ-ավանդական կենցաղից եկող դժվարությունների լուծման հնարները: Ջուրը մտնողը չի կարող չթրջվել. լողազգեստով մտնողը, ջուրը չի մտնում, այլ լողազգեստը: Մենք և ամբողջ աշխարհը, արդեն երկար ժամանակ է, կարծեմ, «լողում» ենք արևմտյան (ֆիլմեր, հագուստի ձևեր, սնունդ, զարդեր, տեխնիկա…) ջրերում: [b]ՎԱՀՐԻՃ ՄԵՍՐՈՊՅԱՆ [/b]

Նմանատիպ նյութեր