211652_close_icon
views-count2383 դիտում article-date 20:49 07-04-2014

«Ապրիլի յոթ». բուն տոնը, սխալ ընկալումը և իրականը

«Ապրիլի յոթ»-ը, մինչ «մայրության և գեղեկցկության» տոն լինելը, կրոնական, բավական սիրելի և փնտրված տոն է եղել, և` է: Այս տոնը կոչվել և կոչվում է «Ավետումն Սբ. Աստվածածնի», որը նշանավորում է Գաբրիել հրեշտակապետի այցը սուրբ Մարյամ Աստվածածնին, որով էլ ավետվեց, բարի լուր տրվեց Կույսին, որ ինքը պիտի հղանա և մարմին տա աշխարհի Փրկչին: Ընդհանրապես, շատ տոներ կան, որ ունեն կրոնական ծագում: Երբ կրոնը տեղի է տալիս հասարակության կենցաղում, սիրելի տոնը, որը, մեծ մասամբ, դառնում է սիրելի, որովհետև կորցնում է իր բուն էությունը, մնում է`որպես հաճույքի, մասմաբ հիմնավորված, տոն: Լավագույն օրինակը կարնավալային երթն է, որը լինելով զուտ կրոնական, ներկայումս, ոչ մի ընդհանուր բան չունի կրոնի հետ: Այն նույնիսկ կրոնական դիտանկյունից առավել հակակրոնական է, քանի որ նրանում իշխում է մարմնական շվայտությունն ու տռփանքը: Արևմտյան «սուրբ ծնունդը», որի ժամանակ, նվերներ բաժանելու համար, մարդկանց է «այցելել» սուրբ Նիկողայոսը, ներկայումսը դարձել է «X-mas», այսինքն «ով ինչ կուզի, թող հասկանա», իսկ աղքատներին իր հարստությունը բաժանող սուրբը` Սանտա Կլաուս կամ ուղղակի Սանտա, որը սանտա (սուրբ), Նիկոլայուս (Նիկողայոս)-ի կրճատած անունն է: Սա էլ, ի՛հարկե, լավագույնս վկայում է, որ փոխվել է բուն տոնի էությունը. Արևմուտքում ներկայումս կան «Լապլանդիա» (մշտնջենական ձմեռային քաղաք, որտեղ բնակվում է Սանտան) անունով գիշերային ակումբներ, որտեղի մերկապարուհիները հաճախ բեմ են դուրս գալիս «սանտայի» հագուստով: Սա կրոնական տոն-աշխարհայացքի աշխարհիկացման արդյունք է, իսկ լավ է, թե` վատ, ընթերցողն ինքը թող գնահատի: Հիմա մենք տոնում ենք «Ապրիլի յոթը», այն դնելով «Մարտի ութի» կողքին, գրեթե նույնացնելով: Ավելին, մենք բուն տոնը համարում ենք «Միամսյակը», իսկ այս երկու ամսաթվերը` սկիզբ և ավարտ: Մի բան, որ բնավ կապ չունի մեր Եկեղեցական սրբերի հիմնադրած տոնի հետ: Սրբերն այս տոնը հիմնադրել են նշելու համար, որ Եկեղեցու մեծագույն սուրբը իգական սեռին է պատկանում և իգական սեռի հետ պետք է վարվել, ինչպես Պետրոս առաքյալն է ասում, «…իբրև դյուրաբեկ անոթի, իբրև կյանքի շնորհի ժառանգակիցների (Ա Պետ. 3:7)»: Եվ սա այն Եկեղեցու սրբերն են, որի շրջանակներում, Խրիմյան Հայրիկի, շնորհիվ կինն, աշխարհում առաջին անգամ, մասնակցեց ընտրություններին, այսել է թե, արժևորվեց իբրև լիարժեք քաղաքացի և ձայնի իրավունք ունեցող, հասարակության լիիրավ անդամ: Կանանց նկատմամբ մեծարանք ցուցաբերելը չի կարելի սահմանափակել միայն մեկ ամսով, այն հավերժական արժեք է: Մենք պետք է խորապես գիտակցենք, որ սխալ է եղել այն արևմտա-եվրապական «լոգոցենտրիզմը», որը գտնում է, իբր կինը ինտուիտիվ մտածողություն ունենալով, պակաս է տղամարդուց: Իրականում կարելի է պնդել ճիշտ հակառակը. եթե տղամարդը դիսկուրսիվ մտածողությամբ կարող է միայն հետևություններ անել, ապա կինը ինտուիտիվ կերպով, մեկեն հասու է լինում ճշմարտությանը: Սակայն ո՛չ տղամարդն է կնոջից առավել, ո՛չ էլ կինը տղամարդուց. ծայրահեղություններ, որոնց երկուսի մեջ էլ եղել ու մնում է արևմտա-եվրոպական աշխարհայացքը: Եվ երկուսի դեպքում էլ լինում են մեծ ողբերգություններ: Հայերս, եթե հավատարիմ ենք մնացել մեր Հայրերի ավանդին և օտարին չենք կապկել, կամ նրանից չենք պարտադրվել, ապա մեր կանանց վերաբերվել ենք, շատ քնուշ, միշտ հաշվի ենք առել նրանց խոսքը և, նրան դիտելով իբրև օջախի սյուն, մեծարել ու սրբացրել` հասկանալով, որ ոչ միայն բոլոր հերոսությունների ներշնչման հիմքում ընկած է կնոոջը, այլև աշխարհի մեծագույն հրաշքը տեղի է ունեցել կնոջ միջոցով: [b]ՎԱՀՐԻՃ ՄԵՍՐՈՊՅԱՆ[/b]

Նմանատիպ նյութեր