YouTube-ը բանակցություններ է սկսել Թուրքիայի իշխանությունների հետ ծառայությունը վերականգնելու շուրջ
YouTube սոցիալական ցանցի ներկայացուցիչները ցանցի գործունեությունը Թուրքիայում վերականգնելու շուրջ բանակցություններ են սկսել թուրքական իշխանությունների հետ:
Թուրքական ԶԼՄ-ները, հղում անելով անանուն աղբյուրին, նշում են, որ Անկարան կարող է համաձայնվել ցանցի արգելափակումը չեղյալ հայտարարելուն, եթե YouTube-ը ջնջի ձայնագրությունը, որը դարձել է YouTube-ի փակման պատճառը:
Հիշեցնենք, որ նախօրեին ցանցում հայտնվել է Թուրքիայի ուժային կառույցների բարձրաստիճան ներկայացուցիչների մասնակցությամբ գաղտնի խորհրդակցության ձայնագրությունը: Խորհրդակցության հիմնական թեման եղել է Սիրիայի ճգնաժամը:
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ձայնագրության հրապարակումն անվանել է ստորություն, իսկ արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ պաշտոնյաներին գաղտնալսելը հավասար է Թուրքիային պատերազմ հայտարարելուն: