1488 դիտում
20:06 13-02-2014
Հանցագործություն՝ իրականությունից փախչելու ճանապարհին
Ոստիկանությունն ու դատախազությունը պարբերական հաշվետվություններ ներկայացնելիս թվերով նշում են, թե ինչքան սպանություն, բռնաբարություն, գողություն, կողոպուտ է տեղի ունեցել հաշվետու ժամանակաշրջանում, իսկ պատճառների դեմ պայքարի ցուցանիշների մասին հաշվետվություն չի լինում:
Տպավորություն է ստեղծվում, թե հանցագործության պատճառները չեն ուսումնասիրվում, դրանք չեզոքացնելու ուղղությամբ միջոցներ չեն կիրառվում: Այնինչ հանցագործության դեմ պայքարի կարևոր խնդիրներից մեկը հենց հանցագործության պատճառների չեզոքացումն է:
Օրենքը խախտողների մեծ մասը չի ընդունում օրենքի գոյությունը՝ որպես օրենք: Նույն հաջողությամբ կարելի է հենվել ծառին և չընդունել, որ այն ծառ է, կամ պահանջ ներկայացնել իշխանության ներկայացուցչին, բայց չընդունել նրա իշխանությունը: Հոգեբանության մեջ սա կոչվում է փախուստ իրականությունից: Այն հանցագործության ընդհանրական պատճառներից է:
Իրականությունից դուրս՝ մեկ այլ աշխարհում, հորինված վայրում ապրել կարող են երևակայություն չունեցող դեբիլները, ովքեր չեն կարողանում տարբերել իրականն անիրականից: Իրականն անիրականից չի տարբերում նաև տգետը, վախկոտը, հոգեկան հիվանդը: Իրականն անիրականի հետ միտումնավոր խառնում է խաբեբան, խարդախը, կաշառակերը՝ շահադիտական ստոր նկատառումներով:
Օրինակ, կաշառակեր պաշտոնյան ու կաշառատու քաղաքացին արհամարում են իրականությունը: Նրանք կարծում են, որ պետությունը գոյություն չունի: Եթե պետությունը գոյություն չունի, բնականաբար պաշտոնյա և քաղաքացի էլ գոյություն չունի: Այդպես նրանք հորինում են իրականությունից դուրս, հորինված մեկ այլ աշխարհ, որտեղ մեկն ընդամենը հարց լուծողն է, մյուսը՝ խնդիր ունեցողը, մեկը դևն է, մյուսը՝ նրա ճանապարհին կանգնածը, մեկը՝ աղվես, մյուսը՝ հավ: Եթե քաղաքացին պաշտոնյային վերաբերվի որպես պաշտոնյա, իսկ պաշտոնյան քաղաքացուն՝ որպես քաղաքացի, ապա կաշառակերությունը կվերանա:
Իրականությունից փախուստը հուսահատության դրսևորումներից է: Հուսահատվածը կարող է ապրել միայն իրականությունից դուրս: Այն պահին, երբ նա ընդունում է իրականությունն այնպես՝ ինչպես կա, նույն պահին սկսում է մահանալ: Այդ առումով որոշ հանցագործներ իրենց ավելի լավ են զգում բանտում, քան ազատության մեջ: Իրականությունից դուրս գործում են այլ օրենքներ, արժեքային այլ համակարգեր: Դրանց և իրականության մեջ գործողների հակասությունը լուծելիս օրինապահ քաղաքացին լուծում է հօգուտ իրականի, իսկ վերը թվարկածները՝ հօգուտ անիրականի:
Իրականությունից փախչելիս կամ հորինված համակարգերի մեջ տեղափոխվելիս տեղի է ունենում նաև ճակատագրական տեղաշարժ: Մարդուն հաջողության տանող ուղին խզվում է և գծվում լրիվ նոր ճակատագիր՝ նոր աշխարհում արդյունքի հասնելու համար: Ժողովրդական լեզվում սա անվանում են ճակատագրական շրջադարձ:
Տհաճ շրջադարձերից խուսափելու համար հարկավոր է իրականության մեջ մնալ, ընդունել այն ինչպես կա: Սա չի նշանակում, որ չի կարելի նախաձեռնել, զարգանալ, պայքարել, բարեփոխել կամ հեղափոխել: Մնալ իրականության մեջ՝ նշանակում է օրենքին վերաբերվել որպես օրենք, պետությանը՝ որպես պետություն, ընտրությանը՝ որպես ընտրություն, ծառին՝ ծառ, մարդուն՝ մարդ և այլն: Դրա համար անհրաժեշտ է անընդհատ զարգացնել միտքը, որպեսզի արագ փոփոխվող աշխարհում իրերն ու երևույթներն ընդունել ըստ իրենց էության և խուսափել բանտ ընկնելուց:
[b]ԹԱԹՈՒԼ ՄԿՐՏՉՅԱՆ[/b]
Նմանատիպ նյութեր
1216 դիտում
15:23 09-09-2023
Դա հանցագործություն չէր անձանց նկատմամբ, դա հանցագործություն էր պետության նկատմամբ. Նիկոլ Փաշինյան․ news.am
3820 դիտում
18:09 31-03-2015
Արվեստի գործեր, որոնք դժվար է տարբերել իրականությունից․ ֆոտոշարք
Այս բաժնից
1369 դիտում
14:51 25-12-2024
Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ
979 դիտում
13:31 25-12-2024
Հարկային ստուգումներից առաջ այլևս չենք հրապարակելու ընկերությունների անունները. ֆինանսների նախարար