11326 դիտում
11:10 11-02-2014
Տարոն Մարգարյանի տան հարևանությամբ գործող խանութի հետնամասում հայտնաբերվել է տղամարդու դի՝ բռնության հետքերով
Այսօր՝ փետրվարի 11-ին, արտակարգ ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 06:30-ի սահմաններում ոստիկանության Ավանի բաժանմունք ահազանգ է ստացվել, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի տան հարևանությամբ գործող խանութի հետնամասում տղամարդու դի կա:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր է մեկնել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ քննչական խումբը՝ Նոր Նորքի ոստիկանապետ Լաերտ Գրիգորյանի, քննչական բաժնի պետ Մհեր Վարդանյանի և ոստիկանության Ավանի բաժանմունքի ծառայողները՝ բաժանմունքի պետ Ալեքսանդր Աղաջանյանի գլխավորությամբ:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ օպերատիվ քննչական խումբը նշված խանութի հետնամասում հայտնաբերել է Ավան-Առինջ գյուղի բնակիչ, 31-ամյա Կարեն Վերդյանի դին:
Դատաբժշկի նախնական եզրակացությամբ Կ. Վերդյանի մարմնի վրա կան բազմաթիվ վնասվածքներ, ինչը ենթադրել է տալիս, որ նա դաժան ծեծի է ենթարկվել: Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ ֆոտոլրագրողին ասել են, որ մահացածը թաղամասում հայտնի էր ոգելից խմիչքների նկատմամբ իր հակվածությամբ և հաճախակի էր գինովցած լինում:
Այս պահին քննչական խումբը նյութեր է նախապատրաստում փաստի առթիվ, որի ընթացքում էլ որոշվելու է, թե ՀՀ քրեական օրենսգրքի որ հոդվածով է գործ հարուցվելու: Ոստիկանությունը ձեռնարկում է օպերատիվ հետախուզական և քննչական համալիր գործողություններ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ: