Ես հեռանում եմ «Մանչեսթեր Յունայթեդ»-ից. Նեմանյա Վիդիչ
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի 32-ամյա պաշտպան նեմանյա Վիդիչը հաստատել է, որ անգլիական ակումբի կազմում ընթացիկ մրցաշրջանը վերջինն է իր համար: Սերբ պաշտպանի խոսքերով նրան անհրաժեշտ է նոր մարտահրավեր: Վիդիչի պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետ լրանում է ամռանը և նա ակումբից կհեռանա ազատ գործակալի կարգավիճակով:
« Ես «Մանչեսթեր Յունայթեդ»-ում անցկացրել եմ 8 հրաշալի տարի, սակայն եկել է հեռանալու ժամանակը: Ընդմիշտ կհիշեմ կարիերայիս այդ հատվածը: Այն լավագույնն էր իմ կյանքի ընթացքում: Թիմի հետ ես հաղթեցի ընդհանուր հաշվով 15 տիտղոս, ինչի մասին անգամ երազել չէի կարող: Այժմ եկել է նոր մարտահրավեր ընդունելու ժամանակը: Ես որոշել եմ, որ այս մրցաշրջանը վերջինը կլինի ինձ համար «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կազմում»,- ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է ակումբի պաշտոնական կայքը:
Բրիտանական և իտալական լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն` Վիդիչը իր կարիերան կշարունակի Միլանի «Ինտեր»-ում: