211652_close_icon
views-count1330 դիտում article-date 16:27 03-02-2014

Մանկապարտեզներում մատակարարվող սննդի որակի նկատմամբ խիստ վերահսկողությունը շարունակվելու է. Տարոն Մարգարյան

Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ մանկապարտեզներում մատակարարվող սննդի որակի ապահովման նպատակով նախորդ շաբաթ հանրակրթության և վերահսկողության վարչությունների աշխատակիցների կողմից շարունակվել են անակնկալ ստուգայցերը մանկապարտեզներ: Զեկուցվել է նաև, որ 25 մանկապարտեզում իրականացված ստուգայցերի արդյունքում պայմանագրով սահմանված տեխնիկական բնութագրին չհամապատասխանող սննդամթերքի մատակարարման դեպքեր չեն արձանագրվել: Քաղաքապետը հանձնարարել է շարունակել խիստ վերահսկողությունը՝ բացառելով պայմանագրային պարտավորությունների խախտման որևէ դեպք: «Այս հարցում պետք է ցուցաբերել սկզբունքային կոշտ մոտեցում և բացառել սահմանված նորմերին չհամապատասխանող սննդի մատակարարումը մանկապարտեզներԲազմիցս ասել եմ ու նորից կկրկնեմ, որ հատկապես երեխաներին մատակարարվող սննդի որակի ապահովման հարցում մեր դիրքորոշումն ու ձեռնարկվող քայլերը եղել ու լինելու են կոշտ, ընդհուպ մատակարարների հետ պայմանագրերը խզելով և տվյալ ընկերություններին օրենքով սահմանված կարգով «սև» ցուցակ գցելով: Այս հարցում որևէ մեկին ներում չի լինելու, ուստի, գնումների գործընթացում շահած հատկապես նոր ընկերություններին խստորեն նախազգուշացրեք կատարել ստանձնած պայմանագրային պարտավորություններն ու սահմանված նորմերից որևէ շեղում թույլ չտալ»,-ընդգծել է Տարոն Մարգարյանը: Երևան քաղաքում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունների ընտրության՝ փետրվարի 14-ին հայտարարված մրցույթի հետ կապված զեկուցվել է, որ, չնայած հայտերի ընդունման վերջնաժամկետ սահմանված է փետրվարի 6-ը, մրցույթին մասնակցելու որևէ հայտ առայսօր չի ստացվել: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է մինչև վերջնաժամկետ շարունակել հանրային իրազեկման աշխատանքները: Անդրադառնալով ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերությունների կողմից սահմանված չվացուցակներով երթուղիների սպասարկման պայմանագրային պարտավորության ապահովման հարցին՝ քաղաքապետը հանձնարարել է ոլորտի պատասխանատուներին խստորեն վերահսկել գործընթացը: «Ավտոբուսային և միկրոավտոբուսային յուրաքանչյուր երթուղի պետք է առանձին-առանձին ուսումնասիրել և վերացնել թերությունները: Տնտեսվարողների կողմից բերվող այս կամ այն պատճառաբանությունը մեզ համար չի կարող ընդունելի լինել: Դա պայմանագրային պարտավորություն է, և նրանք պետք է կատարեն այն: Մեզ համար առաջնահերթը եղել և մնում է մեր բնակիչների պատշաճ սպասարկումը: Ըստ այդմ, նախ խստորեն պահանջեք նրանցից պատշաճ կատարել ստանձնած պարտավորությունները, ինչպես նաև իրազեկեք, որ դրանք չկատարելու դեպքում, օրենքով սահմանված կարգով, քաղաքապետարանը կվերանայի տվյալ տնտեսվարողի հետ կնքված պայմանագրերը»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը: Օբյեկտներին հարակից տարածքների պարտադիր բարեկարգման կարգը հաստատելու մասին Երևանի ավագանու համապատասխան որոշման պահանջների կատարման ուղղությամբ իրականացվող աշխատանքների մասով հանձնարարվել է շարունակել պարտադիր բարեկարգման կանոնների մասին պատշաճ իրազեկումը՝ տնտեսվարողների կողմից տարընկալումները բացառելու նպատակով: Հանձնարարվել է նաև համապատասխան աշխատանքներ տանել և աջակցել փետրվարի 24-ից Երևանում մեկնարկող համահայկական ձմեռային խաղերի կազմակերպման և անցկացման հարցերում: Խորհրդակցության ավարտին, ըստ ոլորտների, ներկայացվել են քաղաքապետարանի կառուցվածքային որոշ ստորաբաժանումների 2013 թվականի տարեկան հաշվետվությունները՝ կատարված աշխատանքների և նախորդ տարիների հետ համեմատության կտրվածքով: Քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը ներկայացրել է հանրակրթության, մշակույթի և տուրիզմի, ինչպես նաև երեխաների իրավունքների պաշտպանության և սպորտի բնագավառում կատարված աշխատանքները: Այնուհետ քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը ներկայացրել է առողջապահության, առևտրի և սպասարկումների, արտաքին ձևավորման և գովազդի, ինչպես նաև <<Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն>> ՓԲԸ-ի կողմից նախորդ տարվա շրջանակում կատարված աշխատանքների հաշվետվությունները: Ի դեպ, առաջիկա չորեքշաբթի օրը Դավիթ Օհանյանը մամլո ասուլիսում նաև հանրությանը կներկայացնի կատարված աշխատանքների հաշվետվությունն ու 2014-ի անելիքները: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Սերգեյ Մակարյանն էլ ներկայացրել է 2013 թվականին քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերում իրականացված աշխատանքների հաշվետվությունները: Մասնավորապես, ներկայացվել է քաղաքապետարանում և վարչական շրջաններում գործող <<Մեկ պատուհան>> համակարգում կատարված աշխատանքները, ինչպես նաև քաղաքացիների ընդունելությունների արդյունքները: Ներկայացված հաշվետվությունները քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդունել է ի գիտություն և հանձնարարել է մյուս ոլորտների պատասխանատուներին ևս նախապատրաստվել` նույն սկզբունքով ներկայացնելու տարեկան հաշվետվությունները:

Նմանատիպ նյութեր