211652_close_icon
views-count1695 դիտում article-date 20:45 25-07-2016

Կշարունակվի խիստ վերահսկողությունը մանկապարտեզներ մատակարարվող սննդի պիտանելիության ժամկետների և որակի նկատմամբ

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է, որ ՃՈ հետ համատեղ հասարակական ավտոտրանսպորտային միջոցների շահագործման նկատմամբ իրականացվող ամենօրյա հսկողության շրջանակում կազմվել է 19 արձանագրություն: Համապատասխան քայլեր են ձեռնարկվել նաև տնտեսվարողների կողմից փողոցների որոշակի հատվածներում ավտոկայանմանը ապօրինաբար խոչընդոտող մետաղյա արգելապատնեշների հեռացման ուղղությամբ, ինչի արդյունքում հաշվետու ժամանակահատվածում առգրավվել են շուրջ 500 արգելապատնեշ: Զեկուցվել է նաև, որ ի կատարումն քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարականի, համագործակցելով Երևան քաղաքի դատախազության, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և ճանապարհային ոստիկանության հետ, շարունակվում է խստացված հսկողությունը մասնավորապես Կենտրոն վարչական շրջանում ավտոկայանատեղի համար ապօրինի գումարների գանձման դեպքերը բացառելու ուղղությամբ: Բացօթյա ապօրինի առևտրի դեպքերի հայտնաբերման նպատակով շաբաթվա ընթացքում, այդ թվում հանգստյան օրերին, վարչական շրջաններում կազմակերպված ստուգայցերի ընթացքում կազմվել է 11 վարչական արձանագրություն: Նշված ժամանակահատվածում ապամոնտաժվել է 2 չգործող կրպակ: Զեկուցվել է նաև, որ նախորդ 2 շաբաթների ընթացքում շարունակվել է հսկողությունը մայրաքաղաքի առևտրի օբյեկտներում վաճառվող սննդի պիտանելիության ժամկետների և որակի նկատմամ: Ըստ այդմ հայտնաբերվել և արձանագրվել է խախտման 4 դեպք: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է բոլոր ուղղություններով շարունակել աշխատանքները: Բացի այդ, քաղաքապետը պատասխանատուներին հանձնարարել է շարունակել հատուկ ուշադրության ու հսկողության տակ պահել մասնավորապես մանկապարտեզներ մատակարարվող սննդի պիտանելիության ժամկետների և որակի պահպանումը։ «Այս գործընթացը, անշուշտ, մեր մշտական ուշադրության կենտրոնում է, բայց ամռան այս շոգ եղանակին այն կրկնակի վերահսկողության տակ պետք է լինի: Խստագույնս վերահսկեք մատակարարվող սննդի թե՛ որակը և թե՛ պիտանելիության ժամկետները: Այս հարցում թեկուզ չնչին թերացումն անընդունելի է ինձ համար, քանի որ այն վերաբերում է մեր երեխաների առողջությանը: Ուստի եղեք խիստ բծախնդիր և սննդի ընդունման գործընթացում ներգրավելով ծնողներին` խստորեն հետևեք մեր առաջադրած պահանջների լիարժեք կատարմանը», - ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Խորհրդակցության ընթացքում զեկուցվել է, որ քաղաքաշինության և հողօգտագործման ոլորտում իրականացվող ամենօրյա հսկողության արդյունքում նախորդ 2 շաբաթվա ընթացքում արձանագրվել է իրավախախտման 7 դեպք: Քաղաքապետը հանձնարարել է շարունակել ուժեղացված հսկողությունը: Զեկուցվել է, որ շարունակվում են աղբը ոչ սահմանված վայրերում թափելու դեպքերի հայտնաբերման և կանխման ուղղությամբ աշխատանքները: Ըստ այդմ նախորդ 2 շաբաթվա ընթացքում կազմվել է 90 վարչական արձանագրություն: Հանձնարարվել է շարունակել աշխատանքները՝ հատուկ հսկողություն սահմանելով ոչ միայն աղբամաններին հարակից տարածքների, այլև բնակչության կողմից աղբի կուտակման քրոնիկ վայրեր դարձած այլ հասցեների նկատմամբ: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Նմանատիպ նյութեր