ԱՄՆ-ում SMS գրելու պատճառով կինոթատրոնի այցելուն սպանել է իր հարևանությամբ նստած հանդիսատեսին
ԱՄՆ Ֆլորիդա նահանգի կինոթատրոններից մեկում հրաձգություն է տեղի ունեցել: Տուժած երկու այցելուներից մեկը մահացել է: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը՝ վկայակոչելով տեղի իրավապահ մարմիններին:
Ուեսլի-Չապել քաղաքի կինոթատրոնում հանդիսականներից մեկը բջջայինով SMS է գրել, ինչը դուր չի եկել ետևում նստած տղամարդուն: Նա վերցրել է ատրճանակն ու կրակել իր հանգիստը խախտողին և կնոջը:
Տղամարդը մահացել է, կինը հոսպիտալացվել է: Նրա վիճակի մասին տվյալներ չկան:
Դեպքի վայր ժամանած իրավապահները ձերբակալել են հրաձիգին:
Ըստ տեղի ոստիկանության տվյալների, կինոթատրոնում կրակ բացած տղամարդը նախկին ոստիկան է: 71-ամյա Քերթիս Ռիզի դեմ առաջադրվել է երկրորդ աստիճանի ծանր սպանության մեղադրանք՝ ասել է շրջանային շերիֆ Պասկո Քրիս Նոկոն: