Թաիլանդի մայրաքաղաքում ցուցարարները շարունակում են շրջապատել կառավարական շենքերը
Բանգկոգում ցուցարարները, ովքեր պահանջում են Թաիլանդի կառավարության հրաժարականը, արգելափակել են Մաքսային վարչության շենքի մուտքերն ու ելքերը: Նրանք որոշել են սկսել այլ կառավարական հաստատությունների արգելափակումը՝ դարձնելով նրանց աշխատանքն անհնարին, հայտնում է ITAR-TASS-ը:
Ընդդիմադիր շարժման ուսանողական թևի ներկայացուցիչ ցուցարարները արդեն հայտարարել են հունվարի 15–ին Բանգկոգում ավիադիսպետչերական կապի շենքն արգելափակելու մտադրության մասին:
Արդեն 2 օր է, ինչ մայրաքաղաքում փակ են 7 առանցքային խաչմերուկները, որոնք հիմնականում գտնվում են քաղաքի կենտրոնական մասում: Ընդդիմադիրները գիշերն անցկացրել են արգելափակված վայրերում՝ գիշերելով վրաններում կամ բաց երկնքի տակ:
Ընդդիմադիրների զբաղեցրած խաչմերուկներում անխնա ավելանում են աղբի կույտերը: Այդ վայրերում գտնվող շատ առևտրի կետեր անվտանգության նկատառումներով մի քանի ժամով կրճատել են աշխատաժամերը: