211652_close_icon
views-count9925 դիտում article-date 09:38 24-09-2018

Երևան վերադառնալուն պես Նիկոլ Փաշինյանը բանակցություններ է սկսելու ԱԺ ուժերի ղեկավարների հետ` ԱԺ-ն ցրելու մասին. Հայկ Մարտիրոսյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մանհեթնի «Յեյլ» ակումբում փակ հանդիպում է ունեցել, որի ընթացքում հայտնել է, որ Երևան վերադառնալուն պես սկսելու է բանակցություններ խորհրդարանական ուժերի ղեկավարների հետ` ԱԺ-ն ցրելու մասին, այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը, ով նաև լուսանկար է հրապարակել այդ հանդիպումից: «Վարչապետն ասաց, որ իրադարձությունների զարգացումը հուշում է, որ նախկինում իր նախատեսած առաջիկա ամառվա ամիսների այդ գործողությունը անհրաժեշտ է այլևս հնարավորինս շուտ անել: Ակնհայտորեն դա կապված է ոչ միայն ՀՀԿ-ի ավելի ու ավելի ագրեսիվացող կեցվածքի, այլև` ՔՊ-ի ավագանու ընտրություններում բացարձակ հաղթանակի հետ: Նաև` որ անցումային արդարադատությունը չի լինելու արտակարգ դատարանների տեսքով, այլ` ասենք, լինելու է նաև գործիք, որով հնարավոր է լինելու հետաքննել մասնավոր անձանց ապօրինի գումարների ծագման ուղիները: Ակնհայտորեն դա այն անցումային արդարադատության մոդելը չէ, որով կքանդվեր գորդյան հանգույցը և ապօրինություններ գործող դատավորները մասսայականորեն կզրկվեին աշխատանքից: Անդրադարձ եղավ նաև ավագանու ընտրություններում մյուս ուժերի պարտությանը և դրա խորհրդին: Ի թիվս այլոց` նշվեց նաև «Լույս» դաշինքի անունը և ասվեց, որ ավագանի չանցնելն այդ ուժերի համար նշանակում է, որ ժողովուրդը նրանց չի սատարում: Սա, թերևս, վարչապետը համարում է նոր մանդատ` քաղաքական մյուս ուժերի հետ այլ դիրքերից այլևս խոսելու, թեև իմ համոզմամբ, նա այդ մանդատը վաղուց ուներ: Ընդհանրապես իմ մոտ տպավորություն է, որ ամեն կարևոր քայլից առաջ վարչապետը միտում ունի ժողովրդական նոր մանդատներ հայցելու և ստանալու: Կարծում եմ՝ դա շատ արդարացված տարբերակ չէ, որովհետև ամեն բան հեղափոխության ուժով անելու անվերապահ մանդատ նա վաղուց է ստացել: Մնում է այն ամբողջ ուժով իրացնել: Ռիսկեր կան, որ այդ ներառական մանդատը տրոհելով և բազմապրոֆիլ չիրացնելու արդյունքում` նոր մանդատների ստանալն ավելի կդժվարանա: Իսկ դրանց անհրաժեշտությունն ամենևին չկա: Պարզ դարձավ նաև, որ վարչապետը լուրջ չի վերաբերվում սեփական անձի անվտանգության շուրջ արտահայտվող մտահոգություններին և համարում է, որ վարչապետը չի կարող ազատորեն չզբոսնել սեփական քաղաքով: Ակնհայտ է նաև, որ վարչապետը համարում է, որ հեղափոխության անկասելիության երաշխավորը ժողովուրդն է, և որ դա արդեն բավարար է հակահեղափոխություն չլինելու համար: Սա այն բացառիկ հանդիպումներից է, երբ անուղղակիորեն ստանում ես քեզ վաղուց տանջող քաղաքական մի շարք հարցերի պատասխանները: Հանդիպմանն անդրադառնալու և ևս մեկ անգամ մտորելու կարիք կա կարծում եմ»,– գրել է Հայկ Մարտիրոսյանը:

Նմանատիպ նյութեր