211652_close_icon
views-count3198 դիտում article-date 14:07 06-07-2018

ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է Առևտրի միջազգային կենտրոնի պատվիրակությանը

ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը հուլիսի 4-ին ընդունել է Առևտրի միջազգային կենտրոնի (ITC) ծրագրերի բաժնի տնօրեն Աշիշ Շահին, Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գրասենյակի առևտրի խթանման գծով աշխատակից Սիլվա Երզնկյանին և ազգային ծրագրի համակարգող Ալելաիդա Բաղդասարյանին: Հանդիպման նպատակն էր քննարկել ընթացիկ տարվա մարտ ամսին ITC-ի կողմից մեկնարկած «Արևելյան գործընկերություն. առևտրի համար պատրաստ` «ԵՄ-ն բիզնեսի համար/EU4business» նախաձեռնություն» ծրագիրը, որի նպատակն է բարելավել Հայաստանում և Արևելյան գործընկերության այլ երկրներում փոքր և միջին ձեռնարկությունների մրցունակությունը և աջակցել տեղական ՓՄՁ-ներին միջազգային և ԵՄ շուկաներում հաստատվելու գործում: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրահանձնաժողովի հարևանության և ընդլայնման համար բանակցությունների գլխավոր վարչության կողմից որպես EU4business նախաձեռնության բաղադրիչ: Հայաստանում ծրագրի իրականացումը սկսվել է ագրովերամշակման ոլորտի ՓՄՁ-ների շրջանում կատարված հետազոտությամբ, որի արդյունքների վրա հիմնվելով՝ աջակցության նպատակով ընտրվել են երեք արժեշղթաներ` վերամշակված միրգ և բանջարեղեն, մրգի և բանջարեղենի չիր, և բուսական թեյ՝ հաշվի առնելով դեպի ԵՄ դրանց արտահանման հնարավորությունները: Ողջունելով հյուրերին և կարևորելով ծրագրի իրականացումը հատկապես ՓՄՁ-ների և գյուղմթերքի արժեշղթաների զարգացման համար` նախարար Արթուր Խաչատրյանը վստահություն է հայտնել, որ այն կունենա բարեհաջող ընթացք։ «Մենք ուրախ կլինենք համագործակցել ձեզ հետ, որովհետև շատ հարցերում համախոհ ենք», - հավելել է Արթուր Խաչատրյանը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ծրագրի իրականացմանը, վերամշակման ոլորտի հետագա զարգացմանը, բնական աղետների վնասների նվազեցմանը, գյուղատնտեսական ապահովագրությանը և մի շարք այլ հարցեր: Նախարարը հյուրերին տեղեկացրել է, որ վերամշակող ճյուղի խթանման նպատակով Հայաստանում առաջիկայում կիրականացվի նոր ծրագիր, որի շրջանակում շահառուները հնարավորություն կունենան մատչելի պայմաններով լիզինգով ձեռք բերել ագրոպարենային արտադրության մեջ օգտագործվող սարքավորումներ։ [b]ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին [/b]

Նմանատիպ նյութեր