211652_close_icon
views-count7162 դիտում article-date 18:38 04-06-2018

Մեզ համար անընդունելի են նման միջադեպերի քաղաքականացումը և տարբեր շահարկումները, որոնք հղի են հասարակությունը պառակտելու վտանգով. Բ. Սահակյան

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 4-ին հրավիրել է խորհրդակցություն կառավարության անդամների և պետական այլ մարմինների ղեկավարների մասնակցությամբ: Քննարկվել է երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակը: Նախագահը նշել է, որ հունիսի 1-ի երեկոյան Ստեփանակերտում տեղի ունեցած ցավալի միջադեպը պետության կողմից դատապարտվել է, որակվել անթույլատրելի և ստացել իրավական գնահատական: «Հետաքննությունը անվերապահորեն տարվելու է օրենքի տառին ու ոգուն խիստ համապատասխան և հնարավորինս հրապարակային՝ հանրությանը պարբերաբար իրազեկելով ընթացքի մասին: Բոլոր մեղավորները ենթարկվելու են պատասխանատվության՝ օրենքով սահմանված կարգով»,- նշել է իր խոսքում Բակո Սահակյանը: Երկրի ղեկավարն ընդգծել է, որ մեր երկրում անընդունելի են ինչպես նման միջադեպերը, այնպես էլ դրանց քաղաքականացումը և տարբեր շահարկումները, որոնք հղի են հասարակությունը պառակտելու վտանգով: «Այս համատեքստում ես կուզենայի հատուկ դիմել մեր ժողովրդին՝ ապավինելով նրա իմաստնությանը, բարդ իրավիճակներում արագ կողմնորոշվելու, սթափություն, բազմակողմանի հավասարակշռված մոտեցում ցուցաբերելու և ճիշտ որոշումներ ընդունելու, կարևորագույն հարցերի հանդեպ հոգատար ու սրտացավ վերաբերմունք դրսևորելու ունակությանը: Մեզ համար բացառիկ արժեքներ են ներքին կայունությունը, միասնականությունը և համախմբվածությունը, պետական հիմքերն անսասան պահելը, երկրի անվտանգության և պաշտպանունակության հետևողական բարձրացումը, մեր քաղաքացիների աշխատանքի և կյանքի խաղաղ պայմանների ապահովումը, ժողովրդի կենսապայմանների բարելավման նպատակով կարևորագույն սոցիալ-տնտեսական հարցերի լուծումը»,- շեշտել է Բակո Սահակյանը: Նախագահի խոսքով՝ իշխանությունները, պետական կառավարման օղակները պարտավոր են ցուցաբերել պատասխանատվության առավելագույն աստիճան առկա խնդիրների լուծման գործում` այս ուղղությամբ իրականացնելով սկզբունքային, հետևողական ու քրտնաջան աշխատանք:

Նմանատիպ նյութեր