211652_close_icon
views-count6517 դիտում article-date 21:41 22-05-2018

Արթիկ է ժամանել Ֆրանսիայի Վո Ան Վլեն քույր քաղաքի պատվիրակությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մայիսի 22-ին, Արթիկի քաղաքապետարանում տեղի ունեցավ Ֆրանսիայի Հանրապետության Վո Ան Վլեն և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ քաղաքների քաղաքապետերի հանդիպումը: Աղ ու հացով և ծաղկեփնջով Արթիկի քաղաքապետ Մխիթար Վարագյանը, մարզպետի տեղակալներ Սեյրան Պետրոսյանը և Խաչատուր Վարագյանը դիմավորեցին Վո Ան Վլենի քաղաքապետ տիկին Էլեն Ժոֆռուաին, կրթության և մշակույթի հարցերով պատասխանատու Մարի Իզաբելին, քաղաքապետարանի ավագանու անդամ ծագումով հայ Արման Մենզիկյանին: Պատվիրակության կազմում էր Ֆրանսիայի շրջանային մշակութային ակումբի փոխնախագահ Աննա Ջամբազյանը: Արթիկի քաղաքապետարանում տեղի ունեցավ քույր քաղաքների քաղաքապետերի հանդիպումը քաղաքի կրթության, մշակույթի և այլ կառույցների պատասխանատուների հետ: Քաղաքապետ Վարագյանը տիկին Ժոֆռուաին ներկայացրեց քույր քաղաքների համագործակցության անցած տարիների համառոտ պատմությունը, որում մասնավորապես ասվում էր. Ֆրանսիայի Հանրապետության Վո Ան Վլեն և Հայաստանի Հանրապետության Արթիկ քաղաքների միջև 1994թ. դեկտեմբերի 14-ին կնքվել, ապա1999թ. ապրիլի 25-ին և 2010 թ. հոկտեմբերի 5-ին վերահաստատվել է քույր քաղաքների միջև բարեկամության ու համագործակցության համաձայնագրեր, ինչը ենթադրում է գործընկերային կապեր, տնտեսության զարգացում, զբոսաշրջության , կրթության, մշակույթի և ենթակառուցվածքներին ուղղված աջակցություն: Այդ ընթացքում Վո Ան Վլեն քաղաքի կողմից Արթիկ համայնքին տրամադրվել է միկրոավտոբուս, որոշակիորեն թարմացվել է քաղաքի դպրոցների աշակերտական գույքը: Համայնքի բոլոր վեց հիմնական դպրոցներում 2008 թվականից, որպես 3-րդ օտար լեզու դասավանդվում է ֆրանսերեն լեզու: Քաղաքում գործում է ֆրանկոֆոն ակումբ, որին վերջերս տրամադրվել է համակարգիչ: Բոլոր դպրոցներին տրամադրվել է նաև ֆրանսերեն լեզվի բառարաններ: Ի դեպ նշենք, որ այդ գործընթացի նախաձեռնողը հենց ներկայիս մարզպետի տեղակալ Խաչատուր Վարագյանն է եղել, ով այդ տարիներին եղել է Արթիկի քաղաքապետ: Արթիկի համայնքապետարանի կողմից Վո Ան Վլեն քաղաքում տեղադրվել է 1915թ. Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող խաչքար-հուշարձան: Քույր քաղաքների քաղաքապետերը հավաստիացրեցին ներկաներին, որ շարունակվելու է համագործակցությունը, կապերն ավելի են սերտանալու և առաջիկայում ցանկալի կլիներ երիտասարդների փոխայցելություններ կազմակերպել տուրիզմի զարգացման նպատակով: Պատվիրակության անդամները Արթիկի թիվ 2 նախակրթարանում մասնակցեցին փոքրիկ ցերեկույթի, որտեղ երգերի և արտասանությունների մի մասը ներկայացվեց հայերեն, մի մասը ֆրանսերեն լեզուներով, ինչը հաճելիորեն զարմացրեց տիկին Ժոֆռուաին: Հյուրերն այցելեցին Արթիկի մանկապատանեկան կենտրոն, որից հետո մշակույթի տանը կրկին մասնակից եղան փոքրիկ համերգի: Երկօրյա այցի շրջանակներում նախատեսվում է այցելություններ Հառիճավանք և այլ տեսարժան վայրեր:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 38+
38+

Նմանատիպ նյութեր