211652_close_icon
views-count22196 դիտում article-date 23:10 27-04-2018

Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին վերադառնում է քաղաքականություն

Վրաստանում նախագահական ընտրություններից մի քանի ամիս անց, որոնք կայանալու են 2018թ-ի հոկտեմբերին, Վրաստանի նախկին վարչապետ (2012-2013թթ.) Բիձինա Իվանիշվիլին վերադառնում է իշխող «Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստան» կուսակցության նախագահի պաշտոնին: Այս մասին այսօր հաղորդել է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին, գրում է [url=https://jam-news.net/?p=99320&lang=hy]JAMNEWS[/url]-ը: Նրա խոսքով՝ ինքն անձամբ է խնդրել նախկին վարչապետին վերադառնալ քաղաքականություն, և Իվանիշվիլին համաձայնել է: Այդ հայտարարությունը գործող վարչապետն արել է հատուկ բրիֆինգի ժամանակ, որը տեղի է ունեցել խորհրդարանական մեծամասնության հետ հանդիպումից հետո: «Վրացական երազանք» կուսակցությունն առավելագույնս ուժեղացնելու անհրաժեշտություն է առաջացել: Մեզ համար շատ կարևոր են կուսակցության ներսում տեղի ունեցող գործընթացները: Այդ պատճառով էլ կարևոր է, որ մենք միասնականություն պահպանենք հիմնարար պետական հարցերի հանդեպ: Բոլորի համար պարզ է, թե որքան կարևոր է մեր թիմի համար դրա հիմնադրի՝ պարոն Իվանիշվիլիի գործոնը: Ուզում եմ ասել, որ ես նրան առաջարկել եմ դա և խնդրել մեր կուսակցության հիմնադրին գլխավորել այն: Շատ ուրախ եմ, որ նա համաձայնություն է տվել», – հայտարարել է Գիորգի Կվիրիկաշվիլին: Վարչապետի խոսքով՝ մոտակա օրերին կկայանա կուսակցության քաղխորհրդի նիստ, այնուհետև՝ համագումար, որին պատվիրակներն Իվանիշվիլիին կուսակցության ղեկավար կընտրեն: Կվերընտրվի նաև քաղխորհրդի կազմը: Արդեն 4 տարի է, ինչ միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին լքել է Վրաստանի վարչապետի պաշտոնը: 2012թ-ին նա և նրա կոալիցիան խորհրդարանական ընտրություններին պարտության մատնեցին Միխայիլ Սահակաշվլիի «Ազգային շարժում» կուսակցությանն ու երկրում իշխանության եկան: Ընտրություններում տարած հաղթանակից հետո Իվանիշվիլին վարչապետ դարձավ, սակայն 2013թ-ի աշնանն ինքնակամ հրաժարական տվեց և, ինչպես ինքն էր հայտարարում, անցում կատարեց «քաղաքացիական հատված»: Հրաժարականից հետո Իվանիշվիլին որևէ պաշտոն չէր զբաղեցնում: Որոշ ժամանակ նա հաճախ էր լրագրողների առջև հայտնվում, 2016թ-ին ակտիվորեն մասնակցում է և իր կուսակցության նախընտրական արշավին, մեծ մամուլի ասուլիսներ էր անցկացնում: Սակայն վերջին տարում նա շատ հազվադեպ էր հայտնվում հանրության առջև: Նա չէր մասնակցում 2017թ-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրարշավին: Լրատվամիջոցների տեսադաշտում էր հայտնվում հիմնականում բազմադարյա ծառերն իր դենդրոպարկ տեղափոխելու գործընթացի կապակցությամբ: Սակայն Վրաստանում քչերն էին կասկածում, որ Իվանիշվիլին Վրաստանի ոչ ֆորմալ ղեկավարն էր, և իշխող կուսակցությունը որոշումներ էր կայացնում միայն նրա համաձայնությամբ: 2018թ-ի աշնանը Վրաստանում նախագահական ընտրություններ կկայանան: «Վրացական երազանքը» դեռևս չի ներկայացրել իր թեկնածուին:

Նմանատիպ նյութեր