211652_close_icon
views-count6573 դիտում article-date 17:33 23-04-2018

Փաստաբանների պալատը դատապարտել է իրավաբանական օգնություն ստանալու իրավունքի իրացմանը խոչընդոտող դեպքերը

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի խորհուրդը՝ քննարկելով բերման ենթարկված խաղաղ հավաքի մասնակիցներին իրավական օգնություն ցույց տվող փաստաբանների հայտարարությունը՝ իրավախախտման դեպքերը դատապարտող որոշում է կայացրել: Որոշման մեջ նշվել է, որ արձանագրվել են մասնավոր դեպքեր, երբ բերման ենթարկված խաղաղ հավաքի մասնակիցներին իրավաբանական օգնություն ցույց տալու համար վարույթ իրականացնող համապատասխան մարմիններ ներկայացած փաստաբաններին հետաքննության և նախաքննության մարմինների որոշ պաշտոնատար անձինք ո՛չ միայն թույլ չեն տվել հանդիպել իրենց վստահորդներին և իրավաբանական օգնություն ցույց տալ նրանց, այլ նաև հորդորել են քաղաքացիներին չօգտվել փաստաբանի միջոցով իրավաբանական օգնություն ստանալու իրավունքից: Փաստաբանի աշխատանքի խոչընդոտման դեպքերն արձանագրվել է նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կողմից: Որոշմամբ անդրադարձ է կատարվել նաև ՀՀ Ազգային Ժողովի ձերբակալված պատգամավոր Նիկոլ Փաշինյանի գտնվելու վայրի մասին անհայտ լինելու վերաբերյալ «Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական գրասենյակի հայտարարությանը: Փաստաբանների պալատի խորհուրդն անթույլատրելի է համարել հետաքննության և նախաքննության մարմինների պաշտոնատար անձանց նման վարքագիծը և գտել է, որ այն կոպտորեն խախտում է մարդկանց՝ ՀՀ Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով և օրենքներով երաշխավորված մի շարք հիմնարար իրավունքներ։ ՀՀ փաստաբանների պալատի խորհուրդը միաձայն որոշել է՝ - Խստորեն դատապարտել նման իրավախախտման դեպքերը և կոչ անել իրավասու մարմիններին՝ 1) ապահովել բերման ենթարկված հավաքի մասնակիցների՝ փաստաբանների միջոցով իրավաբանական օգնություն ստանալու անօտարելի իրավունքի պատշաճ իրացումը, 2) ազատությունից զրկված անձանց, այդ թվում՝ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանին ապահովել՝ այդ մասին անհապաղ իր ընտրած անձին տեղեկացնելու և իրավաբանական օգնություն ստանալու անօտարելի իրավունքների իրացումը։

Նմանատիպ նյութեր