211652_close_icon
views-count5939 դիտում article-date 12:16 18-04-2018

Երևանի Մաշտոց-Թումանյան խաչմերուկի տարածքում զանգվածային անկարգությունների դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել

2018թ. ապրիլի 13-ից մայրաքաղաքում մեկնարկած ապօրինի հավաքին մասնակցած անձինք, 16.04.2018թ. ՀՀ ոստիկանության կողմից հավաքը դադարեցնելու մասին որոշումն անտեսելով, շարունակել են հակաիրավական գործողությունները, տեղեկացնում են ՀՀ դատախազությունից։ Ապրիլի 17-ի երեկոյան` ժամը 23:00-ի սահմաններում, Հանրապետության հրապարակում կազմակերպված հավաքից և երթից հետո հավաքի շուրջ 60-70 մասնակիցները Մաշտոց-Թումանյան փողոցների խաչմերուկում, վրդովված նույն տարածքում մաքրման աշխատանքներ կատարող «Սանիտեք» ՍՊ ընկերության աշխատակիցների գործողություններից, խաթարելով ավտոտրանսպորտային երթևեկությունը, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության անդամների նկատմամբ՝ կոտրել են խաչմերուկի տարածքում գտնվող ցուցանակները, լուսաֆորները, և ճանապարհային նշանները: Այնուհետև քարերով, մետաղյա իրերով հարվածներ են հասցրել նշված վայրին մոտեցած ոստիկանության ծառայողական ավտոմեքենաներին` պատճառելով գույքային վնաս: Բացի դրանից՝ նրանց կողմից բռնություն է գործադրվել ոստիկանների նկատմամբ, միաժամանակ առկա են առերևույթ տվյալներ զանգվածային անկարգությունների մասնակիցների կողմից բռնության կիրառմամբ տարածքում իրենց մասնագիտական օրինական գործունեությունն իրականացնող լրագրողների աշխատանքը խոչընդոտելու վերաբերյալ: Նկատի ունենալով, որ առերևույթ առկա են քաղաքացիների ու հասարակության անվտանգության պաշտպանությանն ուղղված հասարակական հարաբերությունները խախտող իրադարձության՝ բռնությամբ, գույքի վնասմամբ զուգորդված հասարակական անվտանգությունը վտանգող՝ զանգվածային անկարգություն կազմակերպելու, անմիջականորեն ղեկավարելու և զանգվածային անկարգությունների ժամանակ դրանց մասնակցի կողմից բռնություն գործադրելու, գույք վնասելու հատկանիշներ՝ ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերով: Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնին: Ոստիկանությանը հանձնարարվել է դեպքի բոլոր մասնակիցներին ներկայացնել նախաքննությունն իրականացնող մարմնին:

Նմանատիպ նյութեր