2525 դիտում
13:19 09-04-2018
Արմեն Սարգսյանի հարուստ կենսափորձը կնպաստի Նախագահի պաշտոնում նրա ծառայության արգասավորմանը. Գարեգին Բ կաթողիկոս
Հայաստանի Հանրապետության նորընտիր Նախագահ Արմեն Սարգսյանի հարուստ կենսափորձը, Հայրենիքում և Սփյուռքում լայն ճանաչումը մեծապես պետք է նպաստեն առավել արգասավորելու նրա ծառայությունը Նախագահի պաշտոնում: Այս մասին մարզահամերգային համալիրում ՀՀ Ազգային ժողովի հատուկ նիստում հայրապետական օրհնանքի խոսքում ասաց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը:
«Հայոց նորօրյա անկախ պետականությունը մեր ազատատենչ հոգու և հավաքական կամքի ձեռքբերումն է: Մեր պայքարի և մաքառումների պսակն ու դափնին: Մեր ժողովրդի բարօր ու առաջընթաց կյանքի գրավականը: Անկախ մեր պետականությունը մեր ողջ ժողովրդի արժանապատվությունն ու հպարտությունն է, սպեղանին մեր կորուստների ու վշտերի, վկայությունը մեր վերհառնումի և հայրենակերտումի նախանձախնդրության»,- օրհնանքի խոսքում ասաց Գարեգին Բ Կաթողիկոսը:
Դիմելով ՀՀ նորընտիր Նախագահ Արմեն Սարգսյանին՝ նա ասաց. «Մեր օրհնությունը, շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն ենք բերում Ձեզ Նախագահի բարձր պաշտոնում ընտրվելու և երդմնակալության առիթով: Մեր երկրի կյանքում Դուք արդյունավոր ջանքեր եք բերել որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ, հաջողություններ արձանագրել դիվանագիտական ասպարեզում, նաև ազնիվ բարեգործություններով ներդրում բերել ազգային-եկեղեցական մեր անդաստանում: Այսօր՝ երդմնակալության այս արարողությամբ Դուք վերահաստատում եք Ձեր ուխտը՝ հայրենիքին և մեր ժողովրդին ամենայն պատրաստակամությամբ և հանձնառությամբ ծառայելու, ջանք ու եռանդ բերելու մեր երկրի զարգացման, մեր ժողովրդի բարօրության, հայության համախմբման և հայության լուսավոր ապագայի համար: Ձեր հարուստ կենսափորձը Հայրենիքում և Սփյուռքում լայն ճանաչումը մեծապես պետք է նպաստեն առավել արգասավորելու Ձեր ծառայությունը նախագահի բարձր պատասխանատվության մեջ»,- ասաց Կաթողիկոսը:
Նա իր հորդորը հղեց հայրենիքում և Սփյուռքում բնակվող հայ ժողովրդին՝ հավատով և միասնությամբ հաղթահարելու ազգային ու հայրենական անդաստանում ծառացած խնդիրներն ու դարձնելու մեր երկիրը շեն ու բարօր, պայծառ ու բարգավաճ:
«Մեր օրհնությունն ու գնահատանքն ենք բերում Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ տիար Սերժ Սարգսյանին անցնող տարիներին մեր երկրին ու ժողովրդին բերած նվիրյալ ծառայության համար: Մեծարգո՛ Սերժ Սարգսյան, Դուք կանգնած եք եղել մեր պետականության վերակերտման ակունքներում: Ձեզ վիճակված էր դժվարին պայմաններում առաջնորդել մեր երկիրը: Դիմագրավելով ներքին ու արտաքին մարտահրավերներ՝ առաջ ընթանալու և իրագործելու ազգանպաստ ծրագրեր, ջանքեր բերելու միջազգային ասպարեզում մեր պետության հեղինակության բարձրացման, միջպետական հարաբերությունների զորացման, Հայոց ցեղասպանության համընդհանուր ճանաչման ու դատապարտման, մեր երկրի առջև ծառացած խնդիրների հաղթահարման գործում»,- հայտարարեց Գարեգին Բ Կաթողիկոսը:
Իր ելույթի վերջում նա բոլոր ներկաներին հոտնկայս աղոթքի հրավիրեց:
Նմանատիպ նյութեր
1944 դիտում
16:08 13-04-2016
Բակո Սահակյանը հանդիպել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի եւ Մեծի Տան Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի հետ
3989 դիտում
15:14 23-02-2018
Իշխող կոալիցիան նախագահի պաշտոնում կառաջադրի Արմեն Սարգսյանի թեկնածությունը. հավաքվել է 60 ստորագրություն
2091 դիտում
10:25 01-03-2018
ԱԺ-ում մեկնարկել է ՀՀ 4-րդ նախագահի պաշտոնում Արմեն Սարգսյանի թեկնածության քննարկումը. ՈՒՂԻՂ
Այս բաժնից
358 դիտում
18:35 25-04-2024
էկոնոմիկայի նախարարն ընդունել է Ռուսաստանի դեսպանին
805 դիտում
18:33 25-04-2024
ՀՀ-ում ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
373 դիտում
18:17 25-04-2024
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Իրանի դեսպանին