211652_close_icon
views-count3158 դիտում article-date 13:31 06-04-2018

Արցախի ԱԳ նախարարը Մոսկվայում մասնակցել է Արցախյան շարժման 30-ամյակի միջոցառմանը

Ապրիլի 5-ին՝ Մոսկվա կատարած աշխատանքային այցի շրջանակներում, Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը ողջույնի խոսքով հանդես է եկել Հայաստանի Հանրապետության դեսպանատանը կազմակերպված միջոցառմանը՝ նվիրված ղարաբաղյան ազգային-ազատագրական շարժման 30- ամյակին։ Արցախի ԱԳՆ-ից հայտնում են, որ իր ելույթում Արցախի արտաքին գործերի նախարարը ներկայացրել է արցախահայության ազգային-ազատագրական պայքարի եւ նրա անցած ազգային վերածննդի ուղու կարեւորությունը։ Արցախի ԱԳՆ ղեկավարը նշել է, որ արցախյան ազատագրական շարժումը, որը միավորել է Արցախը, Հայաստանը եւ հայկական սփյուռքը ընդհանուր գաղափարների եւ սկզբունքների շուրջ, վերաճել է համահայկական պայքարի՝ ի պաշտպանություն իրավունքների եւ ազատությունների, եւ կանխորոշել է ոչ միայն Արցախի, այլեւ ողջ հայ ժողովրդի հետագա ճակատագիրը։ Այն դարձել է հայ ժողովրդի նորագույն պատմության ամենաճակատագրական իրադարձությունը, որի արդյունքում աշխարհի քաղաքական քարտեզի վրա հայտնվեցին 2 անկախ հայկական պետություններ։ Մասիս Մայիլյանը նաեւ ընդգծել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը սատարած ռուս մտավորականության ներկայացուցիչների ներդրումը` նշելով, որ ինչպես Արցախում, այնպես էլ Հայաստանում նրանց հիշում են հատուկ երախտագիտությամբ: Միջոցառմանը տեղի է ունեցել լրագրող Ազա Բաբայանի՝ Արցախում նկարահանված «Յակովի հողը» ֆիլմի ցուցադրությունը եւ նկարիչներ Յուրի Գրիգորյանի եւ Յուրի Գրիգորյան-կրտսերի աշխատանքների ցուցադրությունը։ Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը «Ղարաբաղյան շարժման 30-ամյակ» հուշամեդալներ է հանձնել Ազա Բաբայանին, Յուրի Գրիգորյանին եւ Յուրի Գրիգորյան-կրտսերին։ Իր հերթին, Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Վարդան Տողանյանը շնորհակալություն է հայտնել ֆիլմի հեղինակներին եւ Գրիգորյանների գերդաստանի ներկայացուցիչներին։ Միջոցառմանը ներկա էին դիվանագետներ, Պետդումայի եւ Ռուսաստանի Դաշնության Դաշնային Խորհրդի պատգամավորներ, լրագրողներ, փորձագետներ, ինչպես նաեւ Մոսկվայի հայ համայնքի ներկայացուցիչներ։

Նմանատիպ նյութեր