211652_close_icon
views-count5581 դիտում article-date 14:32 19-03-2018

Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողությունը նախատեսվում է անցկացնել Մարզահամերգային համալիրում

Հայաստանի Ազգային ժողովի խորհուրդը կքննարկի Հայաստանի Հանրապետության նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողության կարգը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հարցն ընդգրկված է ՀՀ ԱԺ խորհրդի նիստի օրակարգում: Ըստ որոշման նախագծի` Հանրապետության նախագահի պաշտոնի ստանձնմանը նվիրված 2018 թվականի ապրիլի 9-ի Ազգային ժողովի հատուկ նիստը նախատեսվում է գումարել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում՝ ժամը 12:00-ին: Ազգային ժողովի պատգամավորների գրանցման կարգը սահմանում և գրանցումը կազմակերպում է Ազգային ժողովի հաշվիչ հանձնախումբը: Նիստին հրավիրվող անձանց ցանկը հաստատում է Ազգային ժողովի նախագահը: Նիստը նախագահողի բացման խոսքից հետո դահլիճ են բերվում Հայաստանի Հանրապետության պետական դրոշը, նախագահական իշխանության խորհրդանշանը, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մայր օրինակը և Վեհամոր Ավետարանը: Ձեռքը դնելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մայր օրինակին և Վեհամոր Ավետարանին՝ Սահմանադրությամբ սահմանված երդմամբ հանդես է գալիս նորընտիր Հանրապետության նախագահը: Ելույթով հանդես են գալիս Ամենայն Հայոց Կաթողիկոսը և նորընտիր Հանրապետության նախագահը: Ելույթների ավարտից հետո դահլիճից դուրս են բերվում Հայաստանի Հանրապետության պետական դրոշը, նախագահական իշխանության խորհրդանշանը, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մայր օրինակը և Վեհամոր Ավետարանը, որից հետո նախագահողը նիստը հայտարարում է փակված:

Նմանատիպ նյութեր