211652_close_icon
views-count100594 դիտում article-date 13:15 06-03-2018

Լարված ու պայթյունավտանգ իրավիճակ Արագածոտնի մարզում. Օհանավան գյուղի բնակիչները մի մարդու նման փակել են ճանապարհը. նրանց համբերության բաժակը լցվել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արդեն 2 ժամից ավելի է, Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Օհանավան գյուղի վարչական տարածքում լարված ու պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել։ Մոտ 500-ից ավել բնակիչներ, հիմնականում Արագածոտնի մարզի, ի նշան բողոքի, փակել են Օհանավան գյուղով անցնող միջպետական ճանապարհը և պահանջում են իրենց հարցի արդարացի լուծում։ Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բնակիչները պատկան մարմիններից պահանջում են, որպեսզի վերջապես լուծվի արդեն 19 օր Լարսի անցակետում առանց հիմնավոր պատճառաբանության մոտ 23 խնձորով բարձված բեռնատարների ազատ տեղաշարժի խնդիրը դեպի Ռուսաստանի Դաշնություն։ Ֆոտոլրագրողի հետ զրույցում անօգնական վիճակում հայտնված քաղաքացիներն ասում էին. «19 օր է, մուկն ու կատու են խաղում։ Սարքել են չլի դաստա, ռսի զավտռա են անում։ Հետո էլ ասում են՝ գյուղատնտեսությունը թող զարգանա, հետո էլ ասում են՝ արտագաղթ թող չլինի։ Մենք ի՞նչ ենք ուզում՝ մեր հալալ քրտինքով աճեցրած խնձորն արտահանենք։ Բոլոր ընտանիքներով բանկերից վարկեր ենք վերցրել։ 1 ժամ վարկը ուշացնենք, է՛լ վարկային կազմակերպությունների, է՛լ հարկադիր ծառայությունների թափանները լցրած չինովնիկները կգան ու կխեղդեն մեզ։ Քանի օր է, ուզում էինք ճանապարհը փակեինք, բայց ասում էինք՝ պատկան մարմինները քաղաքակիրթ ձևով կլուծեն խնդիրը, սակայն պարզվեց, որ նրանց էրեսը կոշիկի տակացուի նման պադոշ է։ Ի՞նչ են ուզում իրենց այդ քայլով անել։ Մի քանի ընտանիքներ են մնացել գյուղում, էն էլ հողի հետ կռիվ տալով գոյություն են պահում, իսկ որոշ տզրուկներ իրենց անտարբերությամբ արհամարհում են մեզ։ Եթե այդ հարցը այսօր չլուծվի, այլ ելք չկա, դիմելու ենք ավելի կտրուկ, ծայրահեղ միջոցների։ Չենք բավարարվելու ճանապարհ փակելով»։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության մեծ թվով ծառայողներ՝ վարչության պետ, Ոստիկանության գնդապետ Լևոն Յազիչյանի, Աշտարակի Ոստիկանության պետ Ալբերտ Երիցյանի գլխավորությամբ։ Տեղում են նաև Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գոմարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի մեծ թվով ծառայողներ՝ վաշտի հրամանատար Գագիկ Վարդանյանի և գումարտակի հրամանատարի տեղակալ Արսեն Մարդոյանի գլխավորությամբ։ Այս պահին բողոքի ակցիայի մասնակիցները բարի կամք են դրսևորել և ժամանակավորապես բացել են ճանապարհը, իսկ բողոքի ակցիայի մասնակիցներից մի քանի հոգու ընդունել է Արագածոտնի մարզպետը, ով խոստացել է, որ խնդիրը կբարձրաձայնի պատկան մարմինների մոտ։ Ակցիայի մասնակիցները հուսով են, որ բարձրաձայնելով՝ հարցը չի լուծվի. «Պետք է պատկան մարմինները հետևողական լինեն, հակառակ դեպքում իրենք պետք է լավ իմանան, որ գյուղ կանգնի, գերան կկոտրի։ Թող էնպես չանեն, որպեսզի պատասխանատուները գերանի ռաստ գան»։ *** 13։35 Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ բողոքի ակցիայի մասնակիցներին ընդունել է Արագածոտնի մարզպետը, որից հետո ակցիայի մասնակիցները 1 օրով դադարեցրել են բողոքի ակցիան՝ հույսով, որ պատկան մարմինները կցուցաբերեն մարդկային հատկություններ և իրենց խնդիրը դրական լուծում կստանա, և բացեցին ճանապարհը։ Երթևեկությունը նշված հատվածում վերականգնվել է։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 85+
85+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր