211652_close_icon
views-count2701 դիտում article-date 15:45 30-12-2017

Անպայման ամրապնդելու և ավելացնելու ենք բոլոր ձեռքբերումները, որ ունեցել ենք անցնող տարում. Տարոն Մարգարյանի շնորհավորանքը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամանորի և սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, որում ասվում է. «Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղերձը Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առիթով Սիրելի՛ համաքաղաքացիներ, Շուտով միասին կդիմավորենք 2018 թվականը: Հնի ու նորի այս ճամփաբաժանին նախ և առաջ ամփոփում ենք անցնող տարին՝ այն հաստատուն վստահությամբ, որ անպայման ամրապնդելու և ավելացնելու ենք բոլոր ձեռքբերումները, որ ունեցել ենք անցնող տարում: Երևանն այսօր աշխարհում ճանաչելի է որպես անվտանգ, համաչափ զարգացող, բարի և հյուրընկալ քաղաք: Եվ սա մեր համատեղ ու հետևողական աշխատանքի, մեր քաղաքի հանդեպ ունեցած յուրաքանչյուրիս նվիրումի և սրտացավ վերաբերմունքի արդյունքն է, ինչի համար անկեղծորեն շնորհակալ եմ բոլորիդ: Սիրելի՛ համաքաղաքացիներ, 2018 թվականը հոբելյանական տարի է լինելու մեր սիրելի քաղաքի համար: Համայն հայության մայրաքաղաքը նշելու է հիմնադրման 2800-ամյակը: Ամեն սերնդի չէ, որ բախտ է վիճակվում նշել նման պատկառելի հոբելյան, առավել ևս հպարտանալ հարազատ քաղաքի հազարամյակների պատմությամբ և դինամիկ զարգացող ներկայով: Սա հրաշալի հնարավորություն է աշխարհին արժանապատիվ ներկայացնելու մեր սիրելի քաղաքը՝ ևս մեկ անգամ փաստելու, որ արարող հայերս գիտե՛նք գնահատել մեր քաղաքն ու սիրել սրտանց: Սիրելի՛ հայրենակիցներ, Մայրաքաղաքի սիրելի՛ բնակիչներ և հյուրեր, Տարվա տոնացույցի մեջ Ամանորն այն եզակի տոնն է, երբ շատերն անկեղծորեն հավատում են հրաշքի և վստահ են, որ այն կարո՛ղ է իրականանալ: Թերևս այդպես էլ կա, քանզի այս օրերին ասվող յուրաքանչյուր բարեմաղթանքի մեջ անսահման բարություն և անկեղծություն կա: Միանալով բոլոր այդ բարեմաղթանքներին՝ անսպառ սեր ու ջերմություն եմ մաղթում բոլորիս ընտանիքներին: Թող 2018 թվականը խաղաղության, վերելքի, բարեկեցության և նվիրական իղձերի իրականացման տարի լինի մեր երկրի, մեր ժողովրդի ու քաղաքամայր Երևանի համար: Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ»։

Նմանատիպ նյութեր