Ողբերգական վրաերթ-ավտովթար Երևանում. 26–ամյա վարորդը Նոր Զովք սուպերմարկետի մոտ վրաերթի է ենթարկել ՀՀ ԿԱ ազգային վիճակագրական ծառայության գլխավոր մասնագետին, վերջինը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
2017.12.12 23:59


Այսօր՝ դեկտեմբերի 12-ին, մահվան ելքով վրաերթ –վթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:00-ի սահմաններում 26-ամյա Մարտին Մադոյանը Հանրապետության փողոցում Նոր Զովք սուպերմարկետի դիմաց իր վարած Mercedes մակնիշի MA 091 RT համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Երևան քաղաքի Սարի Թաղի բնակիչ՝ 51-ամյա Արթուր Օհանյանին:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է 1-03, օգնել է վրաերթի ենթարկածին տեղափոխել հիվանդանոց, սակայն վրաերթի ենթարկվածը, ով տղամարդ էր՝ ճանապարհին մահացել է:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ծառայողները՝ բաժանմունքի պետ Ալբերտ Նազարյանի գլխավորությամբ:
Դեպքի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Գյուլումյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետի տեղակալ Արտաշես Վանյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանի գլխավորությամբ:
ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ վրաերթից հետո Mercedes-ը բախվել է կայանված վիճակում գտնվող Երևան քաղաքի Չեխովի փողոցի բնակիչ՝ 49-ամյա Համլետ Հովհաննիսյանին պատկանող Mercedes մակնիշի 48 VM 444 համարանիշի ավտոմեքենային։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածն աշխատում էր ՀՀ կառավարությանն առընթեր ազգային վիճակագրական ծառայությունում՝ որպես գլխավոր մասնագետ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի

Տեսանյութ

Ամենադիտվածներ

