211652_close_icon
views-count4373 դիտում article-date 19:33 11-12-2017

Աշոցքում առաջին անգամ կկայանա դահուկավաքի միջազգային մրցաշար

Դահուկավազքի և լեռնադահուկային սպորտի Հայաստանի հավաքականներն այս օրերին մասնակցում են միջազգային մրցաշարերի և ուսումնամարզական հավաքներ անցկացնում: Հայ դահուկորդները պայքարում են 2018 թ. ձմեռային օլիմպիական խաղերի ուղեգրերի համար: Հայաստանի առաջատար դահուկավազորդ Սերգեյ Միքայելյանը ծնկի վնասվածք ուներ և այժմ վերականգնողական փուլում է: «Մինչև օլիմպիական խաղերի մեկնարկը նա ցանկություն ունի ևս մի քանի մրցաշարերի մասնակցել: Այդ հարցը կքննարկենք բժիշկների և մարզիչների հետ: Չնայած նա ունի բավականաչափ միավորներ և ապահովել է իր տեղը Փհենչհան-2018-ում: Հունվարի 12-14-ը կկայանա դահուկավազքի Հայաստանի առաջնությունը, որտեղ ևս մեր դահուկավազորդները կկարողանան վարկանիշ ձեռք բերել»,- լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի դահուկասպորտի ֆեդերացիայի փոխնախագահ Գագիկ Սարգսյանը: Նա տեղեկացրեց, որ հաջորդ տարվա մարտին Աշոցքում առաջին անգամ կանցկացնեն միջազգային մրցաշար, որն ավանդական բնույթ կկրի. «Աշոցքը Հայաստանի երկրորդ վայրն է, որը փորձելու ենք զարգացնել մեր մարզաձևի համար: Աշոցքի հետ կապված հեռահար նպատակներ ունենք: Ցանկանում ենք այն դարձնել դահուկավազքի կենտրոն»,- ասաց Գագիկ Սարգսյանը: Պարադահուկային սպորտում Հայաստանը 2018թ. ձմեռային պարալիմպիկ խաղերի մեկ ուղեգիր ունի: Այն նվաճել է պարալեռնադահուկորդ Սասուն Հակոբյանը:

Նմանատիպ նյութեր