211652_close_icon
views-count5068 դիտում article-date 12:10 06-11-2017

Վերականգնվող էներգետիկայի զարգացման բնագավառում Հայաստանի փորձն ուսանելի է. Աշոտ Մանուկյան

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը, ելույթ ունենալով ԱՊՀ էլեկտրաէներգետիկական խորհրդի նոյեմբերին 4-ին Տաշքենդում կայացած նիստում, ներկայացրել է Հայաստանի էներգետիկայի զարգացման հիմնական ուղղությունները: Նախարարն անդրադարձել է մեր երկրում ատոմային էներգետիկայի զարգացման, առաջնային էներգետիկ պաշարների դիվերսիֆիկացման և գազային ջերմակայանների արտադրության արդյունավետության բարձրացման խնդիրներին։ Իր ելույթում Աշոտ Մանուկյանը խոսել է նաև երկրի ներքին սպառման կառուցվածքում սեփական վերականգնվող աղբյուրներից ստացվող էլեկտրաէներգիայի տեսակարար կշռի շարունակական ավելացման ուղղությամբ իրականացվող քայլերի մասին: Ներկայացնելով ԱՊՀ երկրներում վերականգնվող էներգետիկայի զարգացման գերակայությունների ճանապարհային քարտեզը` ՌԴ Էկոնոմիկայի բարձրագույն դպրոցի Վերականգնվող էներգետիկայի զարգացման կենտրոնի ղեկավար Գեորգի Երմոլենկոն ընդգծել է, որ վերականգնվող էներգետիկայի զարգացման և էներգախնայողության բնագավառում Հայաստանի փորձն ուսանելի է: Նիստում քննարկվել են էլեկտրագազային կայանքների շահագործման տեխնիկայի անվտանգությանը, սարքավորումների հուսալիությանը, շրջակա միջավայրի վրա ազդեցության նվազեցմանը, ինչպես նաև ոլորտի խնդիրներին առնչվող ավելի քան 6 տասնյակ այլ հարցեր: Անդրադարձ է արվել նաև կադրային հարցերին։ ԱՊՀ էլեկտրաէներգետիկական խորհրդի գործադիր կոմիտեի նախագահի պաշտոնում ընտրվել է Իգոր Կուզկոն: Նիստին մասնակցել են Հայաստանի, Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի, Ղազախստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի էներգետիկայի նախարարները, Ուզբեկստանի փոխվարչապետը, Սաուդյան Արաբիայի էներգետիկայի, արդյունաբերության և բնական պաշարների նախարարը, Ադրբեջանի ու Ղրղզստանի էներգետիկայի փոխնախարարները: Համաժողովի շրջանակներում Աշոտ Մանուկյանը հանդիպումներ է ունեցել ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակի, Բելառուսի էներգետիկայի նախարար Վլադիմիր Պատուպչիկի, Ղազախստանի էներգետիկայի նախարար Կանատ Բոզումբաևի հետ:

Նմանատիպ նյութեր