211652_close_icon
views-count5707 դիտում article-date 13:13 30-10-2017

Գագիկ Մինասյանը քննադատել է ՍԾՏՀ որևէ անդամ պետության կողմից մեկ այլ ՍԾՏՀ անդամ պետության տնտեսական շրջափակումը

Հոկտեմբերի 25-27-ը Դոնի Ռոստովում (Ռուսաստանի Դաշնություն) տեղի են ունեցել Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի Իրավական եւ քաղաքական հարցերի հանձնաժողովի 50-րդ, ինչպես նաեւ Մշակութային, կրթության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովի 49-րդ նիստերը, որոնց աշխատանքներին մասնակցել են ՍԾՏՀ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Գագիկ Մինասյանը եւ պատվիրակության անդամ Աղվան Վարդանյանը: Ելույթ ունենալով՝ Գագիկ Մինասյանը կարեւորել է Իրավական եւ քաղաքական հարցերի հանձնաժողովի 50-րդ նիստում քննարկվող «ՍԾՏՀ ԽՎ 25-ամյակը. տարածաշրջանում միջխորհրդարանական համագործակցության ընդլայնումը» թեման եւ ներկայացրել հայկական կողմի այն տեսակետը, ըստ որի՝ ՍԾՏՀ-ի եւ ՍԾՏՀ ԽՎ-ի միջեւ հարաբերությունները կարգավորող լավագույն ձեւաչափն արդեն իսկ առկա է, եւ անհրաժեշտություն չկա այն դեկլարացիայի միջոցով սահմանելու: Պարոն Մինասյանը ներկայացրել է նաեւ հայկական կողմի առաջարկները միջխորհրդարանական համագործակցությունն առավել արդյունավետ դարձնելու վերաբերյալ: Մասնավորապես, պարոն Մինասյանը նշել է, որ ՍԾՏՀ ԽՎ-ի ստեղծման հիմնական գաղափարը եւ նրա գերակայությունը ՍԾՏՀ անդամ պետությունների միջեւ տնտեսական համագործակցության ամրապնդումն է: Նա վերահաստատել է հայկական կողմի հավատարմությունն այս գաղափարին եւ հաստատել, որ ՍԾՏՀ ԽՎ-ի նպատակների արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ է պահպանել կազմակերպության տնտեսական բնույթը` խուսափելով այն չափից ավելի քաղաքականացումից: Իր ելույթում պարոն Միանսյանը համոզմունք է հայտնել, որ տնտեսական համագործակցության խորացումը եւ տնտեսական ինտեգրման ընդլայնումը սոցիալական խնդիրների լուծման, բարեկեցության, բարգավաճման, կայունության եւ Սեւծովյան տարածաշրջանում խաղաղության ու անվտանգության ամրապնդման կարեւորագույն գործոններն են: «Տնտեսական համագործակցության զարգացումը փոխադարձ վստահության, կառուցողական երկխոսության եւ առկա հակամարտությունների լուծման համար բարենպաստ պայմանների ստեղծման արդյունավետ միջոց է», -ասել է նա: Պարոն Մինասյանը խստորեն քննադատել է ՍԾՏՀ հիմնական սկզբունքներին հակասող, ՍԾՏՀ որեւէ անդամ պետության կողմից մեկ այլ ՍԾՏՀ անդամ պետության տնտեսական շրջափակումը: Մշակութային, կրթության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովի 49-րդ նիստում քննարկվել է «ՍԾՏՀ անդամ պետություններում երիտասարդ ընտանիքների սոցիալական պաշտպանությունը եւ երաշխիքները» թեման, որի ընթացքում ելույթով հանդես է եկել հանձնաժողովի անդամ Աղվան Վարդանյանը: Ելույթը ներառել է հետեւյալ հարցադրումների պատասխանները` ՍԾՏՀ անդամ պետություններում ընտանիքների եւ երեխաների սոցիալական պաշտպանության ու երաշխիքների վերաբերյալ առկա ազգային օրենսդրությունը, ազգային մակարդակում կառավարությունների կողմից իրականացվող նախաձեռնությունները եւ առկա մեխանիզմները, ոլորտին առնչվող միջազգային իրավական գործիքները եւ փորձը, ինչպես նաեւ առաջարկներ ՍԾՏՀ տարածաշրջանում սոցիալական քաղաքականության ոլորտում արդյունավետ համագործակցութուն ծավալելու վերաբերյալ:

Նմանատիպ նյութեր