211652_close_icon
views-count7715 դիտում article-date 23:18 25-10-2017

Իրաքի վարչապետը ժամանել է Թուրքիա

Թուրքիայի մայրաքաղաք Անկարա է ժամանել Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադին, այս մասին տեղեկատվություն է տարածել թուրքական «Հյուրրիյեթ» պարբերականը: Հաղորդվում է, որ Աբադին Անկարայում կհանդիպի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, ինչպես նաև վարչապետ Բինալի Յլդրմին: Կողմերը քննարկելու են տարածաշրջանում տիրող իրավիճակն ու հակաահաբեկչական պայքարի շրջանակում ընդհանուր ձեռքբերումները: Քննարկումների առանցքային թեման, սակայն, Իրաքյան Քրդստանն է ու Քրդստանի ղեկավար Մասուդ Բարզանիի նախաձեռնած անկախության վերաբերյալ հանրաքվեից հետո զարգացած իրադարձությունները: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 16-ին Իրաքի բանակը գրավել է Քիրքուք քաղաք, որը թեև չի մտնում Քրդստանի ինքնավարության մեջ, սակայն Քիրքուքի քրդերը նույնպես մասնակցել են անկախության հանրաքվեին, իսկ քրդական «փեշմերգա» ուժերն իրենց դիրքերն էին զբաղեցրել քաղաքի կարևոր ռազմավարական կետերում ու հատկապես նավթային օբյեկտների տարածքում: Ավելի վաղ, մեկնաբանելով Քիրքուքում տեղի ունեցածը, Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը ողջունել էր Իրաքի կենտրոնական իշխանությունների գործողությունները: Նշենք, որ Քիրքուքի գրավումից հետո Իրաքի քրդերը հետաձգել են անկախության հռչակումն ու հայտարարել Իրաքի իշխանություների հետ երկխոսություն սկսելու պատրաստակամության մասին:

Նմանատիպ նյութեր