211652_close_icon
views-count31669 դիտում article-date 16:51 25-10-2017

Էմմայի նկարներում ցավ ու կսկիծ կա, տառապանք ու գեղեցիկի մասին երազանք. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հոկտեմբերի 25-ին, Հայաստանի նկարիչների միության տանը տեղի ունեցավ երիտասարդ նկարչուհի Էմմա Թումանյանի նկարների երկրորդ ցուցահանդեսը: Արվեստասերների դատին հանձնվեց 40 կտավ-յուղաներկ: Երիտասարդ նկարչուհին իր մտածելակերպով, գույների ու կերպարների համադրությամբ տարբերվում է շատ-շատերից: Ինչպես նշեց ցուցահանդեսի մասնակից՝ պրոդյուսեր ու սցենարիստ Արփի Վանյանը, Էմմայի նկարները պատմում են այն ամենը, ինչի մասին բոլորս գիտենք, բայց լռում ենք: Այո, նկարչուհու ընտրած թեմաները սոցիալական են, մեզ հուզող առօրյա կյանքն է պատկերված նրա կտավներում: ՀՀ Վաստակավոր արտիստուհի Գայանե Մկրտչյանը նկատեց, որ Էմմայի նկարներում ցավ ու կսկիծ կա, տառապանք ու գեղեցիկի մասին երազանք: Երիտասարդ նկարչուհու կտավները անտարբեր չթողեցին ոչ ոքի, ուրախալի է, որ նրա գործերը նայելու էին եկել նաև երիտասարդ սերնդի շատ ներկայացուցիչներ, դերասաններ, ապագա նկարիչներ, ստեղծագործող մարդիկ և նրանք բոլորն էլ միաբերան նշում էին, որ Էմմա Թումանյանը ինքնատիպ մտածելակերպով և ուրույն վրձին ունեցող նկարչուհի է: Կա մի հանգամանք ևս, որը հպարտանալու և ուրախանալու տեղիք է տալիս: Արտասահմանյան տարբեր կազմակերպություններից ցանկություն են հայտնել նրա նկարների ցուցահանդես-վաճառք կազմակերպել իրենց մոտ, սակայն Էմման նախընտրել է ցուցահանդես կազմակերպել իր երկրում, ի սիրելի քաղաքում: -Էմման մեր երկրի սիրահարն է,-ասում է նրա հայրը՝ Կարեն Թումանյանը,-նա մի մեծ երազանք ունի. տեսնել մեր երկիրը ծաղկուն, իսկ մարդկանց՝ ձերբազատված ցավից ու տառապանքից՛՛: Շնորհավորելով երիտասարդ նկարչուհուն՝ ցանկանում ենք, որ նրա այս և ապագա այլ աշխատանքներ սիրված ու ճանաչված դառնան ամբողջ աշխարհում: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 198+
198+

Նմանատիպ նյութեր