211652_close_icon
views-count3603 դիտում article-date 20:02 05-10-2017

Մեղադրական եզրակացությամբ ավարտվել է քննիչի պաշտոնեական անփութության վերաբերյալ քննված քրեական գործի նախաքննությունը

Իրեղեն ապացույց ճանաչված ոսկյա զարդերի հափշտակության դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձը` ՀՀ քննչական կոմիտեի քննիչը անփույթ վերաբերմունք է դրսևորել ծառայության նկատմամբ, որի հետևանքով տեղի է ունեցել առանձնապես խոշոր չափերով ոսկյա զարդերի հափշտակություն: Մասնավորապես, պարզվել է, որ ՀՀ ՔԿ Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնի ավագ քննիչ Դավիթ Շահբազյանը որպես քննչական խմբի ղեկավար վարույթ է ընդունել նույն մարզի բնակիչ, անհատ ձեռնարկատեր Համբարձում Հարությունյանի վաճառասրահից ավազակային հարձակմամբ ոսկյա զարդերի հափշտակության փաստով հարուցված քրեական գործը: Նախաքննության ընթացքում հիշյալ քննիչը, համալիր փորձաքննություն կատարելու նպատակով, փորձագետներին է տրամադրել կասկածյալի անձնական խուզարկությամբ և դեպքի վայրի զննությամբ հայտնաբերված 203 հատ ոսկյա զարդերը: Այնուհետև Դ. Շահբազյանն անձամբ ստացել է փորձաքննության եզրակացությունը և ընդհանուր` 9.005.000 ՀՀ դրամ արժողությամբ ոսկյա զարդերը, որոնք ճանաչվել են քրեական գործով իրեղեն ապացույց: Հաշվի առնելով, որ զննման գործողությունների ավարտից հետո նշված իրեղեն ապացույցները քրեական գործի համար նշանակություն չեն ունեցել, համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 116-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների, քննիչ Դ. Շահբազյանը պարտավոր էր դրանք ի պահ հանձնել պետական բանկի հիմնարկներին, ինչը չի կատարել: Ծառայության նկատմամբ քննիչի դրսևորած անփույթ վերաբերմունքի հետևանքով քննությամբ դեռևս չպարզված հանգամանքներում վերը նշված 203 ոսկյա զարդերից 154-ը /7.232.000 ՀՀ դրամ արժողությամբ/ հափշտակվել են, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ. էական վնաս է պատճառվել հասարակության ու պետության օրինական շահերին` հեղինակազրկվել է իրավապահ համակարգը, առանձնապես խոշոր չափերով վնաս է պատճառվել ձեռնարկատեր Հ. Հարությունյանի իրավունքներին և օրինական շահերին: Հիշյալ արարքի համար Դավիթ Շահբազյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասով: Դ. Շահբազյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր