211652_close_icon
views-count7694 դիտում article-date 15:27 23-09-2017

Արգենտինայում կայացած 10 համերգների ամփոփումը Հայրենիքում՝ Սփյուռքի նախարարը պարգևատրումներ է կատարել. լուսանկարներ

Սեպտեմբերի 22-ին ՀՀ սփյուռքի նախարարության և Արգենտինայի Հայ բարեգործական ընդհանուր միության նախաձեռնությամբ Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի ունեցավ համերգ, որը «Դու ի՞նչ ես անում Արցախի համար» շարժման շրջանակներում Արգենտինայում, Նյու-Յորքում և այլ հայտնի քաղաքներում կայացած 10 համերգների արդյունքների յուրահատուկ ամփոփումն էր: Բուենոս Այրեսի (Արգենտինա) Հայկական բարեգործական ընդհանուր միության վարչության ատենադպիր Անտոնիո Սարաֆեանի և ՀԲԸՄ-ի Արգենտինայի մասնաճյուղի պատվավոր անդամ, դուդուկահար Գագիկ Գասպարյանի կողմից անցկացված համերգաշարի ընթացքում հանգանակված գումարով գնվել է 300 երաժշտական գործիք, որ մի մասն արդեն հանձնվել է Քաշաթաղի և Ստեփանակերտի երաժշտական դպրոցներին, իսկ մյուս մասը սեպտեմբերի 25-ին կտրամադրվի Արցախի մյուս կարիքավոր դպրոցներին: Ողջունելով ներկաներին՝ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նշեց.«Սիրելի՛ հանդիսատես, այս օրերին, կարծում եմ, Երևանը շնչում է սփյուռքահայերով, իսկ սփյուռքահայերը վայելում են Երևանի ջերմությունը: Ուրախ եմ ողջունել Հայաստան-Սփյուռք 6-րդ համահայկական համաժողովի մասնակիցներին և հատկապես՝ արգենտինահայերին: Այսօր այս ձեռնարկը ևս մեկ ապացույց է Սփյուռք-Հայրենիք միասնության»: Հրանուշ Հակոբյանն ընդգծեց, որ թեև հայ ժողովուրդն աշխարհացրիվ է դարձել, սակայն միշտ կապված է մայր հողին: «Այս շարժումը, որ նախաձեռնեց Սփյուռքի նախարարությունը, գնաց-հասավ մինչև Հարավային Ամերիկա՝ Արգենտինա, և դարձավ մեղեդի, երաժշտություն, վերածվեց մի ողջ համերգաշարի: Այն, անցնելով երկար ճանապարհ, եկավ, լեռնացավ այս բեմում: Մեր այս համերգը մենք սիրով, ջերմությամբ նվիրում ենք չքնաղ Արցախին: Արցախը մեր խիղճն է, ոգին է, մեր հպարտությունը, Սփյուռքը մեր պատիվն է, իսկ Հայաստանը մեր հույսն է, մեր լինելիության հիմքն ու հայապահպանության թթվածինը: Եկեք, ուրեմն, մեր խիղճը, մեր պատիվը և մեր հույսը համախմբենք, որ ավելի զորանա հայ ժողովուրդը, հայ ազգը՝ աշխարհի որ ծայրում էլ լինի»: Բուենոս Այրեսի Հայկական բարեգործական ընդհանուր միության վարչության ատենադպիր Անտոնիո Սարաֆեանը շնորհակալություն հայտնեց համերգաշարի բոլոր մասնակիցներին, արվեստագետներին, օտարազգի երաժիշտներին և Սփյուռքի նախարարությանը: «Երբ նոր էինք սկսում այս ձեռնարկը, երզում էինք գոնե 200 գործիք գնելու մասին: Սակայն այսօր մեր բարերարների շնորհիվ արդեն ձեռք ենք բերել 300 ժողովրդական և դասական երաժշտական գործիքներ: Համերգներից մեկի ողջ հասույթը մենք նվիրեցինք Արգենտինայի ամենահարավում գտնվող Պատագոնիա բնակավայրի հիմնադրամին՝ այդ ձևով շնորհակալություն հայտնելով այն արգենտինացի արվեստագետներին, ովքեր միացել էին մեր շարժմանը: Սա նաև լավ միջոց էր Արցախյան հիմնահարցի մասին բարձրաձայնելու համար: Սակայն մեր հիմնական նպատակն ու առաքելությունը օտար երկրներում ապրող հայ երիտասարդներին ազատ, անկախ Հայաստանին կապելն է»,-նշեց Անտոնիո Սարաֆեանը: Դուդուկահար Գագիկ Գասպարյանն ընդգծեց. «Սա իմ 21 տարվա բացակայության, կարոտի տուրքն է Մայր հայրենքին: Խոսքեր չեմ գտնում, կարծում եմ՝ մինչ այժմ արվածը ավելի քան խոսուն է»: Համերգի ընթացքում ելույթներ ունեցան ՀՀ վաստակավոր արտիստներ Արսեն Գիրգորյանը և Ալլա Լևոնյանը, արգենտինահայ դուդուկահար Գագիկ Գասպարյանը, երգիչներ Վարդան Բադալյանը և Սամվել Գալստյանը, Հայաստանի Ազգային նվագարանների պետական նվագախումբը (գեղարվեստական ղեկավար ու գլխավոր դիրիժոր Նորայր Դավթյան), Հայաստանի պարի պետական անսամբլը, Կորդոբայի «Արարատ» պարախումբը: ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ՀԲԸՄ-ի Արգենտինայի մասնաճյուղի պատվավոր անդամ, դուդուկահար Գագիկ Գասպարյանին շնորհեց ՀՀ ՍՆ ոսկե մեդալ Հայաստան-Սփյուռք գործակցությանը նշանակալի ծառայություններ մատուցելու, Հայաստանի և Սփյուռքի, ինչպես նաև Սփյուռքի տարբեր համայնքների միջև կապերի ամրապնդման գործում ներդրում ունենալու, մատաղ սերնդի, երիտասարդության ուսուցման և հայեցի դաստիարակության գործում ձեռք բերած հաջողությունների, ինչպես նաև հայապահպանության գործում մեծ ավանդ ունենալու համար: Հրանուշ Հակոբյանը Հայաստանում և Սփյուռքում բարեգործական և հասարակական գործունեություն ծավալելու, Հայաստանի Հանրապետության և Սփյուռքի միջև գործուն կապերն ամրապնդելու, ինչպես նաև Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման շրջանակներում մեծ ավանդի համար Բուենոս Այրեսի (Արգենտինա) Հայկական բարեգործական ընդհանուր միության վարչության ատենադպիր Անտոնիո Սարաֆեանին պարգևատրեց ՍՆ «Պողոս Նուբար» մեդալով: Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման, հայրենիքին և սփյուռքին մատուցած ծառայությունների, սփյուռքի համայնքների միջև և հայրենիքի հետ կապերի ամրապնդման, հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար ՀՀ սփյուռքի նախարարության ոսկե հուշամեդալով պարգևատրվեց Արգենտինայի Հայկական բարեգործական ընդհանուր միությունը: Անտոնիո Սարաֆեանը Սփյուռքի նախարարին հանձնեց հատուկ հուշանվեր: Համերգի մասնակիցներին և կազմակերպիչներին ևս տրվեցին հուշանվերներ և շնորհակալագրեր:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր