211652_close_icon
views-count3141 դիտում article-date 18:22 06-09-2017

Գյումրիում բացվող Erasmus+Youth տեղեկատվական կենտրոնը համակարգված տեղեկատվություն կտրամադրի ԵՄ ծրագրերի մասին

Հայաստանում այսուհետ կգործի Եվրամիության Erasmus+Youth. տեղեկատվական կենտրոնը, որը ավելի համակարգված աջակցություն կցուցաբերի երիտասարդներին և երիտասարդական ոլորտում գործունեություն ծավալող կազմակերպություններին «Էրասմուս+» կրթական ծրագրի հնարավորություններին ծանոթանալու հարցում: Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին ասաց, որ ուրախ է կենտրոնի բացման կապակցությամբ և հավատում է, որ Հայաստանի երիտասարդությունը այսուհետ ավելի մեծ ներգրավվածություն կունենա Էրասմուս+ ծրագրերին: «Եվրամիությունը ծախսում է միլիոնավոր եվրոներ, որպեսզի ամբողջ աշխարհի և մասնավորապես հարևան երկրների երիտասարդները հասանելիություն ունենան այս ծրագրերին և կարողանան օգտվել եվրոպական կրթական միջավայրից, մասնակցել դասընթացներին, ծանոթանալ միմյանց մշակույթին, հարստացնել գիտելիքները, մի շարք մարդկանց հանդիպել և ի վերջո կառուցել շատ կարևոր ցանց»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց ԵՄ պատվիրակության ղեկավարը: Պյոտր Սվիտալսկին հավելեց, որ գոհ չէ երիտասարդների մասնակցության վիճակագրությունից, քանի որ կարծում է՝ ավելի մեծ թվով երիտասարդներ պետք է ներգրավվեն այս ծրագրերում: ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության երիտասարդական քաղաքականության վարչության պետ Թամարա Թորոսյանը նույնպես կարևորեց կենտրոնի բացումը՝ ընդգծելով, որ այս շատ օգտակար է լինելու երիտասարդների համար: «Նախարարությունը ողջունում է կենտրոնի բացումը հատկապես այն առումով, որ թիրախային խումբը հենց երիտասարդներն են, երիտասարդական հասարակական կազմակերպությունները»,- նշեց Թամարա Թորոսյանը: [img]http://shamshyan.com/ups/images/0021786001504706682909062.jpg[/img] Հայաստանում «Էրասմուս+» ծրագրի ազգային գրասենյակի ծրագրային համակարգող Լանա Կառվոլան իր հերթին շեշտեց, որ այսուհետ կենտրոնի միջոցով անհատները, ՀԿ-ները, լրատվամիջոցները ավելի համակարգված կերպով կկարողանան ուղղել իրենց հարցերն ու քննարկել զանազան գաղափարներ: Erasmus+Youth. տեղեկատվական կենտրոնների ցանցը ստեղծվել է 2017 թվականին և մրցութային կարգով կենտրոնի աշխատանքների համակարգումը փոխանցում է Արևելյան գործընկերության 6 անդամ պետություններից մեկում գործող կազմակերպությանը, այս դեպքում՝ Գյումրիում գործող «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ին: Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Արթուր Նաջարյանը նշեց, որ պատիվ ու պատասխանատվություն է իրականացնել կենտրոնի համակարգման աշխատանքները:

Նմանատիպ նյութեր