211652_close_icon
views-count7767 դիտում article-date 23:04 19-06-2017

Մասնագիտական կրթության որակի ապահովման կենտրոնի մասնագետներն առաջին այցն իրականացրեցին Հայկական բժշկական ինստիտուտ

Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը (ՈԱԱԿ) մեկնարկել է մոնիտորինգային այցերը Հայաստանում բժշկական կրթություն մատուցող այն բուհերը, որոնք դեռևս ինստիտուցիոնալ հավատարմագրում չեն անցել։ Նպատակն է ծանոթանալ տվյալ բուհերում իրականացվող որակի ապահովման գործընթացներին և անհրաժեշտության դեպքում աջակցել պատրաստվելու ինստիտուցիոնալ հավատարմագրմանը։ ՈԱԱԿ մասնագետներն առաջին այցն իրականացրեցին Հայկական բժշկական ինստիտուտ, որտեղ հանդիպում ունեցան ուսումնական հաստատության ռեկտոր Լևոն Ասատրյանի հետ։ Ռոկտորը տեղեկացրեց, որ Հայկական բժշկական ինստիտուտը պլանավորում է ընթացիկ տարվա վերջում դիմել ինստիտուցիոնալ հավատարմագրման։ Քննարկվեցին բժշկական կրթության կազմակերպման և կառավարման առանձնահատկությունները, բուհում առկա իրավիճակն ըստ ինստիտուցիոնալ հավատարմագրման տասը չափանիշների։ Անդրադարձ կատարվեց նաև ծրագրային հավատարմագրման անհրաժեշտությանը բժշկական մասնագիտությունների համար։ ՈԱԱԿ մասնագետները հանդիպում-քննարկումներ ունեցան նաև բուհի պրոռեկտորների, որակի ապահովման կենտրոնի աշխատակիցների, ամբիոնների վարիչների, պրոֆեսորադասախոսական կազմի հետ, իրականացրեցին փաստաթղթերի ուսումնասիրություն։ Առաջիկայում ՈԱԱԿ-ը մոնիտորինգային այցեր կիրականացնի նաև Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարան, Ավանդական բժշկության համալսարան, Երևանի «Հայբուսակ» համալսարան, Երևանի Մենեջմենթի համալսարան և այլն։ Նշենք, որ բժշկական կրթություն մատուցող բուհերից ներկայում ինստիտուցիոնալ հավատարմագրում ունի միայն Երևանի Մ․ Հերացու անվան պետական բժշկական համալսարանը։ [b]ՈԱԱԿ հասարակության հետ կապերի պատասխանատու Հայկուհի Բարսեղյան[/b]

Նմանատիպ նյութեր